«Հրապարակ». Սեպտեմբերի 17-ին Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Քաղաքական որոշակի շրջանակներ շարունակում են պնդել, որ սեպտեմբերի 17-ին Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը’ մասնակցելու Հայաստանում սեպտեմբերի 17-19-ը տեղի ունենալիք ՀԱՊԿ զորավարժություններին: Այցը գլուխ բերելու համար լուրջ աշխատանքներ են տանում թե ռուսական, թե հայաստանյան շահագրգիռները: Սակայն առավել տեղյակները պնդում են, որ Պուտինն այս փուլում չի գա Հայաստան’ ոչ այն պատճառով, որ մեկ ամիս առաջ տեղի է ունեցել Սարգսյան-Պուտին հանդիպումը, այլ որ ռուսական կողմը բավականին նեղված, եթե չասենք’ զայրույթով է լցված ՀԱՊԿ զորավարժությունների հետաձգման փաստից: «Հրապարակը» հիշեցնում է’ զորավարժությունները պետք է տեղի ունենային սեպտեմբերի 8-10-ը, սակայն պարզվեց, որ այդ օրերին տարածաշրջան և Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Դա կոմպլեմենտարիզմի շատ մեծ դոզայավորում էր, մանավանդ որ նույն օրերին Պարսից ծոցում Իրանի գլխավորությամբ’ 27 երկրների մասնակցությամբ, նույնպես զորավարժություններ էին ընթանում: Այդ իսկ պատճառով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մեկնել էր Մոսկվա’ համապատասխան շրջանակների հետ հետաձգման շուրջ «բանակցելու»: Նրա այցից մեկ օր անց ռուսական կողմը զուսպ հայտարարեց, քանի որ Հայաստանը տեխնիկապես պատրաստ չէ զորավարժություններին, դրանք տասն օրով հետաձգվում են: Բոլոր դեպքերում, թռչունների պոպուլյացիայով ու կռունկների հետ թռչող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին անկանխատեսելի գործիչ է, և չի բացառվում, որ վերջին պահին որոշի գալ Հայաստան’ զորավարժություններն իր բարձր հովանու ներքո անցկացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում