Մարիամ Շահինյան. «Յուրաքանչյուր փառատոն պետք է գաղափար ունենա»
Նմանատիպ
Այս տարի սեպտեմբերի 24-հոկտեմբերի 31-ը Երեւանում տեղի կունենա Վերադարձի Դասական Երաժշտության Վեցերորդ Փառատոնը: Այն կազմակերպվում է «Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո: Փառատոնը հիմնվել է 2007-ին Մարիամ Շահինյանի և Գարիկ Նազարյանի կողմից:
Վերադարձի փառատոն խորագրով ծրագրի իրականացման հիմնական նպատակը ընգծված է հենց վերնագրի մեջ:
Այն կոչ է՝ ուղղված է աշխարհասփյուռ բոլոր հայերին՝ վերադառնալ եւ ելույթ ունենալ հայրենիքում:
«Այս տարի սեպտեմբերին կմեկնարկի Վերադարձի վեցերորդ փառատոնը եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը: Այն բաղկացած է 8 համերգներից, որոնք բնույթով շատ տարբեր են. տարբեր են եւ՛ մասնակիցները, եւ՛ ստեղծագործությունները»: Այս մասին մեր հետ զրույցում պատմեց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը:
Ըստ մեր զրուցակցի, ցանկացած փառատոն պետք է ունենա գաղափարախոսություն, եւ այս փառատոնը եւս բացառություն չէ:
«Փառատոնի ընթացքում կներկայացնենք նոր երաժիշտների: Ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ փառատոնի հանդիսավոր բացմանը կներկայանա Իսրայելից ժամանած Իսրայել Կամերատա նվագախումբը, որի հետ որպես մենակատար հանդես կգա մեր հայրենակից թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լեւոն Մուրադյանը: Փառատոնի առանձնահատկությունը կլինի նրանում, որ մենք կունենանք ոչ միայն հայտնի անուններ, այլեւ կունենանք պրեմիերաներ ու տարբեր երաժշտական գործիքների հետաքրքիր համադրություններ»: Կոնկրետ օրինակ բերելով՝ տիկին Շահինյանը նշեց հոկտեմբերի 11-ին տեղի ունենալիք համերգի մասին. «Այդ օրը մենք համերգ ունենք կամերային երաժշտության տանը:Հանդես կգա մեր հայրենակից Հայրապետ Առաքելյանը Գերմանիայի Քյոլն քաղաքից: Նրա հետ հանդես կգան դաշնակահար Ռուդոլֆ Վանկսը եւ ջութակահար Ֆյոդր Ռուդինը»: Նշենք, որ վերջինս այս տարի Արամ Խաչատրյանի անվան մրցույթում շահել է Գրան Պրի: Վերադարձի փառատոնին երաժիշտը համատեղ համերգ կունենա նաեւ Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Հոկտեմբերի 3-ի համերգը հատկանշական է նրանով, որ դաշնակահարուհիներ Արմինե եւ Անահիտ Սողոմոնյան քույրերը, ովքեր ապրում են տարբեր երկրներում, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ Ֆրանսիայում, առաջին անգամ միասին հանդես կգան Երեւանում:
Իսկ կամերային երաժշտության սիրահարները կարող են ներկա գտնվել հոկտեմբերի 16-ի համերգին: Կամերային երաժշտության երեկոյին միասին հանդես կգան հայ ջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից եւ Մարիաննա Շիրինյանը Դանիայից: Ի դեպ, սա եւս նրանց առաջին համատեղ համերգը կլինի Հայաստանում:
«Փառատոնի շրջանակներում մենք ունենում ենք նաեւ հոբելյանական համերգներ, եւ այս տարին եւս բացառություն չի: Հոկտեմբերի 24-ին կունենանք հոբելյանական համերգ՝ նվիրված դաշնակահար Վաչե Ումր-Շատի ծննդյան 90-ամյակին: Համերգը կոչվում է Նվիրում, որը կներկայացնի Վաչե Ումր-Շատի ուսանողուհի, աշխարհահռչակ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը», տեղեկացրեց Մարիամ Շահինյանը:
Ըստ մեր զրուցակցի փառատոնը նպատակ ունի նաեւ մեր մշակույթը ներկայացնել այլ ազգերին: «Եւ մենք դա ի կատար ենք ածում», նշեց նա:
Խոսելով Հայաստանում դասական երաժշտության հանդեպ վերաբերմունքի եւ հանդիսատեսի հետաքրքրվածության մասին՝ տիկին Շահինյանը նշեց.
«Կարծում եմ, որ դասական երաժշտության բավականին շատ փառատոններ կան Հայաստանում, եւ ես ողջունում եմ դա: Մեր փառատոնն, օրինակ, ունի կայուն հանդիսատես, եւ ամեն տարի համալրվում է ոչ միայն նոր երաժիշտներով, այլեւ երաժշտասերներով: Կարծում եմ, որ հենց դասական երաժշտությունը պետք է շատ պրոպագանդվի, եւ եթե ներկայացվի ճիշտ ծրագիր պրոֆեսիոնալների կողմից, ապա դա ավելի մեծ ընդունելություն եւ մեծ ունկնդիր կունենա:
Այսօր հայ հանդիսատեսը հետաքրքրված է դասական երաժշտությամբ: Երբ 2007-ին ես եւ երաժիշտ Գարիկ Նազարյանը հիմնադրում էինք այս փառատոնը, մտավախություն կար, որ պահանջարկ չի լինի: 2005-ին մենք հիմնադրել էինք «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, եւ մեզ ասում էին՝ փորձեք մեկ ուրիշ ժանրում: Բայց ոչ, ես շատ վստահ կարող եմ ասել, որ եթե լինում են ճիշտ ծրագրեր ու ներկայացնում են լավագույն երաժիշտները, ապա բավականին մեծ արձագանք է գտնում հանդիսատեսի շրջանում»:
Տարիներ առաջ, երբ փառատոնը նոր էր հիմնվել, կազմակերպիչներն իրենք էին դիմում էինք երաժիշտներին: Իսկ այսօր արդեն կան կայքեր, փառատոնն արդեն հայտնի եւ երաժիշտներն իրենք են դիմում մասնակցության համար:
«Շատ վստահ կարող եմ ասել, որ մենք ունենք մեկ-երկու տարի առաջ ծրագրած համերգներ, որոնք ֆինանսական հնարավորության դեպքում կիրագործենք: Նշեմ, որ մեր բոլոր փառատոնների միակ եւ շարունակական հովանավորը Վիվասել ՄՏՍ-ն է, ում մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում, քանի որ առանց այդ օգնության փառատոնն ուղղակի չէր լինի», հավելեց տիկին Շահինյանը:
Վերադարձի փառատոնի հիմնադիրը կարծում է, որ փառատոնները կարեւոր են, սակայն պետք է հաշվի առնել մի շատ կարեւոր հանգամանք. փառատոնը երբեք պետք չէ դիտել որպես մեկ համերգի կազմակերպում: Փառատոնը պետք է մեծ գաղափար ունենա:
«Եւ երբ գաղափարը, երաժիշտները, կազմակերպիչները համախմբվում են, ստեղծվում է իրոք մի տոն հանդիսատեսի համար, ով ամեն տարի սպասում է դրան: Ես վերջերս մի փառատոնի բացման էի, որտեղ մարդիկ մոտենում էին ինձ եւ հարցնում է, թե մեր փառատոնի բացումը երբ է լինելու: Սա արդեն գնահատական է հանդիսականի կողմից, երբ ոչ թե դու ես իրեն կանչում, այլ ինքն է սպասում փառատոնին:
Փառատոնը դառնում է փառատոն, երբ կան խնդիրներ եւ կան դրանց լուծումները: Եթե խնդիր չկա, չի լինի եւ լուծում, հետեւաբար դա կդառնա սովորական մի համերգ»:
Հաճախ հայ երաժիշտները դժգոհում են, որ իրենց համերգները կիսադատարկ դահլիճներում են անցնում. պատասխանելով դիտարկմանը՝ Մարիամ Շահինյանը նշեց, որ Վերադարձի փառատոնի ընթացքում իրենք անպայման փորձում են ներկայացնել մեր տեղացի երաժիշտներին:
«Մենք ունենք իրոք տաղանդավոր երաժիշտներ, ում համար մենք պետք է կարողանանք բեմ ապահովել: Հիմնադրելով այս փառատոնը՝ մենք նպատակ ունեինք տեղ տալ մեր հայրենակիցներին, եւ ոչ միայն նրանց, ովքեր դրսում են, այլեւ նրանց, ովքեր ապրում եւ ստեղծագործում են Հայաստանում: Դրա վառ օրինակը համերգների ընթացքում տեղացի եւ դրսից եկած երաժիշտների համատեղ կատարումներն են», ամփոփեց մեր զրուցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում