Փոխվարչապետը հանձնարարել է մանրամասն ներկայացնել համայնքներում աղբավայրերի շահագործման հետ կապված իրավիճակը
Նմանատիպ
Այսօր տեղի ունեցավ Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, հայտնում են ՏԿՆ մամլո ծառայությունից:
Նիստում ներկայացվեցին աղբահանության եւ նախադպրոցական հաստատությունների գործունեության մասով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման գործընթացի ուսումնասիրության արդյունքները:
Փոխվարչապետը հանձնարարեց լրամշակել կատարված ուսումնասիրությունները՝ առաջարկելով մանրամասն ներկայացնել համայնքներում աղբավայրերի շահագործման հետ կապված իրավիճակը, դրանց շահագործման համար անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգերը, ինչպես նաեւ ներկայացնել կոնկրետ առաջարկություններ՝ բացահայտված խնդիրների կարգավորման վերաբերյալ: Նա առաջարկեց նաեւ հաշվի առնել խնդրի առնչությամբ վերջերս պատգամավորների կողմից հնչեցված հարցադրումները:
Նիստում ներկայացվեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակի ընդհանուր բնութագրին առնչվող օրենսդրական դաշտի գնահատման եւ ուսումնասիրության արդյունքները: Նշվեց, որ գնահատումը կատարվել է պարտադիր, պատվիրակած, կամավոր լիազորությունների տարանջատման տեսանկյունից, հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը:
Փոխվարչապետը հանձնարարեց լրամշակել նաեւ այս փաստաթուղթը՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկներ եւ միջոցառումների ծրագիր: Նա կոլեգիայի անդամներին եւս հորդորեց մասնակցություն ունենալ այդ աշխատանքներին:
Կոլեգիան ի գիտություն ընդունեց զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի բնագավառում Տարածքային կառավարման նախարարության կողմից կատարված աշխատանքների մասին տեղեկանքը: Նշվեց, որ աշխատանքներն սկսվել են իրականացվել դեռեւս 2010թ-ից: Մասնավորապես համայնքում բնակվող զինապարտների գրանցամատյանների վարման գործընթացը հնարավորինս պատշաճ կազմակերպելու նպատակով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածից բխող համապատասխան պարտականությունները սահմանվել են համայնքային առանձին ծառայողների պաշտոնների անձնագրերով: Բոլոր մարզպետներին հանձնարարվել է բացահայտել ոլորտում առկա թերությունները եւ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:
«Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքում բնակվող զինապարտների գրանցամատյանների վարման մեթոդական ուղեցույց»-ը հաստատվելուց հետո Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների կողմից մարզերում հրավիրվել են տարածաշրջանային խորհրդակցություններ, քննարկվել են գրանցամատյանների վարման գործընթացի վերաբերյալ ՏԻՄ-երի կողմից բարձրացված խնդիրները, տրվել են համապատասխան լուծումներ:
Վերոնշյալ գործողությունների արդյունքում ներկայումս բոլոր համայնքներում ստեղծվել են զինապարտ քաղաքացիների գրանցամատյաններ, իսկ դրանց վարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է մարզպետարանների կողմից:
Փոխվարչապետը հանձնարարեց, որպեսզի թե ՏԿ նախարարությունը, թե մարզպետարանները շարունակեն ուշադրության կենտրոնում պահել այս ոլորտում կատարվող աշխատանքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում