«Հայկական ժամանակ». Գագիկ Ծառուկյանը թե ուր և ինչու է մեկնել գործուղման, հայտնի չէ
Նմանատիպ
Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, գործուղման է մեկնել, բայց թե ուր և ինչու, հայտնի չէ: Սրա մասին հանրությունը երեկ տեղեկացել է Ս.Սարգսյանի մոտ հրավիրված անվտանգության խորհրդի նիստի մասին տարածված հաղորդագրությունից: Բանն այն է, որ ԱԽ անդամներից, ըստ այդ հաղորդագրության, նիստին մասնակցել են բոլորը, բացի երկու Գագիկներից’ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյան և ԱԴ նախագահ Հարությունյան: Նիստի սկզբում Ս. Սարգսյանն ասել է. «Ցանկանում եմ նշել նաև, որ ԱԽ այն անդամները, ովքեր այսօր ներկա չեն նիստին, գտնվում են գործուղման մեջ: Սա ասում եմ նրա համար, որպեսզի վաղվանից կամ այսօր երեկոյից սկսած’ ավելորդ շահարկումներ չլինեն»:
Ակնհայտ է, որ նա ցանկացել է պարզաբանել հատկապես Ծառուկյանի բացակայությունը, քանի որ «շահարկումները» եղել էին ԱԽ նախորդ նիստին նրա չմասնակցելուց հետո: ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուլիխանյանը երեկ հրաժարվել է պատասխանել «ՀԺ»-ի թղթակցի հարցին, թե իր առաջնորդը ուր և ինչ նպատակով է մեկնել: Երևում է, Ծառուկյանի գտնվելու վայրի մասին ամենատեղեկացվածը Սերժ Սարգսյանն է:
Ի դեպ, ԱԽ նիստում երեկ քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը»: Թերևս, միայն ՀՀ-ում է հնարավոր, որ մարդու իրավունքները տոտալ խախտելով իշխանություն պահողները մշակեն ու քննարկեն վերոգրյալ անունով ինչ-որ բան: