«Հրապարակ». Պաշտոնյաին խոսքի թեթևակի վարպետություն է հարկավոր. խմբագրական

«Հրապարակ» օրաթերթի այսօրվա խմբագրականում գրված է. «Ինչպե՞ս տարբերել լավ նախարարին վատ նախարարից, լավ պաշտոնյային վատ պաշտոնյայից: Եթե խոսքը բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, ապա մեզանում միայն մեկ չափորոշիչ կա… բանավոր խոսքը: Ապա ուշադիր զննեք հրապարակային գործունեության դաշտը և կհամոզվեք, որ լավ պաշտոնյայի համարում ունենալու և պաշտոնը երկար պահպանելու համար ընդամենը մի որակ է հարկավոր ունենալ’ խոսքի թեթևակի վարպետություն: Նախարարը կարող է բացարձակապես չտիրապետել իրավիճակին, չկողմնորոշվել ոլորտի աշխատանքներից, անգամ իր աշխատասենյակում հազվադեպ լինել, բայց եթե նա ճարտար խոսում է’ վերջ: Նրա պաշտոնավարումն անամպ կանցնի: Ընդ որում, պարտադիր չէ լինել ազնիվ ու ճշգրիտ, խոսել խելացի ու կառուցողական: Հարկավոր է միայն տիրապետել խոսքի հմտությանը: Նախարարը կարող է անգամ պաթոլոգիական ստախոս լինել, իր խոստումները չկատարել, ոչ մի աշխատանքային գրաֆիկ չպահպանել, չշփվել աշխատակազմի հետ, չկայացնել կամ էլ կայացնել միայն վնասակար որոշումներ: Դրանք երբևէ պատճառ չեն դառնա, որ նրան ազատեն աշխատանքից: Նրան աշխատանքից ազատելու պատճառ կարող է դառնալ սխալ ասված խոսքը, լեզվի սայթաքումը, քաղաքական վրիպակը: Դա է պատճառը, որ մեր «ամենաստացված» նախարարները լեզվից ճարտար ժուլիկներն են, որոնք գիտեն ամեն ինչի տակից դուրս գալ և ֆռռացնել լրագրողներին ու հասարակությանը: Իսկ նրանք, ովքեր խոսքի խնդիրներ ունեն, ամեն կերպ ձգտում են պարզապես չխոսել եւ լրագրողների հետ հնարավորինս քիչ հանդիպել: Շառից-փորձանքից հեռու’ մտածում են սրանք: Իսկ թե համակարգը, որը վստահված է այս լեյտենանտ Շմիդտի որդիներին, ինչ վիճակում է, ով ինչ է անում այնտեղ և ինչքանով է կանգնեցնում այս երկրի առաջընթացը, ոչ մեկին դա չի հետաքրքրում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում