Ավստրիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը հեշտ չի տրվել. (տեսանյութ)

Ավստրիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը հեշտ չի տրվել. (տեսանյութ)

«Աշխատանքի  բաժանում պիտի լինի  Սփյուռքի և ՀՀ-ի միջև: Հայաստանը սուվերեն  պետություն է, ՄԱԿ-ի  անդամ և իր պատասխանատվություններն  ունի, իր անվտանգության   հարցերը, այսինքն՝ պետք է  կարողանա  իր դրացիների հետ ապրել, սահմանները բացել: Ասում են՝ ինչպես մորը չենք կարող ընտրել, այնպես էլ դրացիներին»,-լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ավստրիաբնակ միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարդարյանը՝ շեշտելով, որ գույքային հարցերում պահանջատեր լինելու իրավասություն ունեն Օսմանյան կայսրության ժամանակ բնակված հայերի ժառանգները:

Անդրադառնալով  Ավստրիայի խորհրդարանի  ընդունած  Հայոց ցեղասպանությունը ճանաչող և  դատապարտող  հայտարարությանը, մասնավորապես՝ դրան  նախորդած պայքարին, Սուրեն Սարդարյանը խոստովանեց՝ որոշումը  հեշտ չի տրվել.

«Վերջին ամիսներին Ավստրիան կփախչեր ճանաչումից, քանի որ Ավստրիայի մեջ 400.000 ավստրիահպատակ թուրք  է ապրում, որոնք սկսել են դժգոհել և ցույցեր կազմակերպել: Բայց  խորհրդարանը եկավ այն եզրահանգման, որ Ցեղասպանությունն իր անունով պիտի կոչել: Երեկ թուրք հյուպատոսին փորձել ենք համոզել, որ Թուրքիայի դեմ որևէ աշխատանք  չի տարվում»:

Այնուհետ ավստրիաբնակ միջազգային իրավունքի մասնագետը շարունակեց. «Ավստրո-հունգարական կառավարությունը և Գերմանիան եթե անմիջապես չեն մասնակցել Հայոց ցեղասպանությանը,  ապա պասիվ կերպով  ներկա են  եղել  և չեն  արգելել, ինչը նշանակում է, որ ինչ-որ չափով մասնակից են. եթե ոճիր, մարդասպանություն լինի և ներկա լինելով՝ ոչինչ  չանեք, մասնակից եք»:

Ըստ Սարդարյանի՝  Ավստրիայի խորհրդարանի  ընդունած  Հայոց ցեղասպանության  վերաբերյալ  հայտարարությունն առաջընթաց կարելի է համարել  միայն բարոյական տեսանկյունից, իսկ  իրավական առումով այն ոչինչ չի տա:

«Եթե այսօր ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները  ճանաչեն  Ցեղասպանությունը, նույնիսկ՝ ներողություն խնդրեն, չի նշանակի, թե մենք պահանջներ չունենք, բարոյական, նյութական, մշակութային պահանջները կմնան»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի պատրաստակամությանն առերեսվել սեփական պատմությանը, Սարդարյանը  նկատեց, որ նա  դեռ ներողություն խնդրելու պատրաստ չէ, իսկ  Էրդողանի ցինիկ պահվածքից հայկական կողմը միայն շահում է. «Ներկա իրավիճակում մեզ շատ օգնողը Էրդողանն էր՝ իր  ցուցումներով, իր հայտնած կարծիքներով:  Էրդողանը մեզ ավելի շատ  օգնեց, քան մեր աշխատանքը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում