«Առավոտ». Ձևի և բովանդակության մասին. խմբագրական
Նմանատիպ
«Առավոտը» իր այսօրվա խմբագրականում գրում է. «Գիտե՞ք, թե որն է Վրաստանի ցանկացած բնակավայրի’ նույնիսկ աղքատ, հետամնաց գյուղերի ամենաշքեղ կառույցը: Դա ոստիկանության բաժանմունքն է. բոլորն ակնհայտորեն սարքած են մեկ նախագծով’ երեք կողմից ապակեպատ շինություններ են: Ցանկացած անցնող-դարձողը կարող է տեսնել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Սա, այսպես ասած, ձևի և բովանդակության միասնության դրսևորումներից մեկն է’ ուղիղ և փոխաբերական իմաստով թափանցիկության ցուցադրում: Ենթադրվում է, որ նման շինություններում հնարավոր չէ մարդ խոշտանգել կամ կաշառք վերցնել’ չնայած բացառված է, որ Վրաստանում կամ աշխարհի որևէ այլ երկրում նման բան ընդհանրապես տեղի չունենա: Բայց «թափանցիկության» հոգեբանական ազդեցությունը, այնուամենայնիվ, կա’ պետությունը, նրա իրավապահ մարմինները առնվազն ցույց են տալիս իրենց մտադրությունները:
Հավանաբար, դա վրացիների գյուտը չէ: Միացյալ Նահանգների կառավարությունը, որն ամեն ձևով աջակցում է մեր հարևաններին, մեծ փողեր է ներդրել նաև Վրաստանի ոստիկանության արդիականացման վրա, ինչից շահել են, իհարկե, առաջին հերթին այդ երկրի շարքային քաղաքացիները, բայց նաև’ հայ զբոսաշրջիկները, որոնց թիվը ամռան ամիսներին հասնում է տասնյակ հազարների: Ոստիկանությունն այնտեղ կողմնորոշված է ոչ թե բռնելու և «փող կլպելու», այլ ծառայություն մատուցելու ուղղությամբ: Խորհրդային «միլիցայի» սինդրոմը Վրաստանում, կարծես թե, հաղթահարված է: Չէի ասի, որ այդ ուղղությամբ Հայաստանում ոչինչ չի արվում’ արվում է, բայց «արմատականության» ավելի ցածր մակարդակով:
Դառնալով ոստիկանության բաժանմունքների թափանցիկ տեսքին’ ուզում եմ ասել, որ դա միայն առաջին հայացքից է ձևականություն: Երբեմն այդպիսի ձևականությունների տակ լուրջ բովանդակություն է թաքնված: Հայաստանում էլ որոշ հիմնարկներ, համենայնդեպս’ իրենց արտաքին տեսքով, տարբերվում են այն վիճակից, որը կար թեկուզ 10 տարի առաջ: Խոսքը թե պետական և թե մասնավոր հաստատությունների մասին է: Դուք չեք կարող համեմատել հայաստանյան կապի երեք օպերատորների գրասենյակները հին «ատեես»-ների հետ, որտեղ իրար գլխի էին հավաքվում մի քանի տասնյակ մարդ, իսկ փնթի աշխատակցուհիները աջուձախ շշպռում էին հաճախորդներին: Այսօր Երևանում կադաստրի մասնաճյուղերը խիստ տարբերվում են այդ կառույցի նախկին գրասենյակներից: Կամ’ ճանապարհային ոստիկանության այն բաժանմունքը, որտեղ ավտոմեքենաների համարներ են տալիս, նման չէ առաջվա «մռու»-ին: Բոլոր նշված տեղերում համակարգիչների մոտ նստած են բարետես աղջիկները և ոչ թե շշպռում են, այլ սպասարկում են ձեզ:
Ես հասկանում եմ, թե որքան անշնորհակալ գործ է Հայաստանում որևէ լավ բան գրելը կամ ասելը և ինչպիսի դիմադրության է դա հանդիպում քաղաքականացված շրջանակներում: Բայց խոսքը տվյալ դեպքում այլ երևույթի մասին է. ձևի փոփոխությունը կարող է բերել, պետք է, ի վերջո, բերի բովանդակության փոփոխության: Ճիշտ նույն ձևով այնպիսի մանրուքը, ինչպիսին է ամրագոտի կապելը, վկայում է թերևս մտածողության մեջ որոշ տեղաշարժի մասին»: