Եթե խելացի լինեինք, Օբամայի ասած «Մեծ եղեռն»-ը հրեաների օրինակով կօգտագործեինք. Ռիչարդ Հովհաննիսյան (տեսանյութ)

Եթե խելացի լինեինք, Օբամայի ասած  «Մեծ եղեռն»-ը հրեաների օրինակով կօգտագործեինք. Ռիչարդ Հովհաննիսյան (տեսանյութ)

«Վերջին օրերին լուրջ զարգացումներ տեղի ունեցան. երբ ես նոր սկսել էի  զբաղվել այս նյութով, այն ժամանակ բոլոր մասնակիցները հայեր էին, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ շատ ոչ հայեր կան, որոնք ելույթ ունեցան ֆորումի շրջանակում: Օտարազգի խորհրդարանականները և  պաշտոնյաները  բավականին  ուժեղ ելույթներ ունեցան՝ հաստատելու կամ համոզելու մեզ, թե  իրենք մինչև վերջ պիտի պայքարեն ճանաչման, հուսանք, որ նաև հատուցման ուղղությամբ, եթե անգամ իրենց կառավարությունները պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-Times.am-ի խնդրանքով  ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը  խոսել է «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի  արդյունքներից, հետևանքներից, ինչպես նաև  պատմությունից մեր  քաղած և  չքաղած դասերից:

-Ձեզ համար պա՞րզ են Թուրքիային ուղղված Հայաստանի Հանրապետության պահանջները:

-Ոչ, ինձ համար հստակ չէ, կառավարությունը դրանք ավելի հստակորեն պիտի սահմանի, դա Սփյուռքը չի կարող անել: Սփյուռքը կարող է մասնակից լինել այդ որոշումներին, բայց Հայաստանը ՄԱԿ-ի կողմից  ճանաչված պետություն է, ուստի մենք Երևանից կսպասենք, որ  այդ ուղղությունը վերցնի: Այսինքն՝ որոշվեն մեր նվազագույն և առավելագույն պահանջները:

-Ո՞րոնք են այդ ողջամիտ պահանջները:

-Հասնել նրան, որ  թուրքական  ուրացման, ժխտողական քաղաքականությանը վերջ տրվի,  երկրորդ՝ թուրքական դասագրքերում  ճշմարտությունը խոսեն, երրորդ՝ հայկական կալվածքները,  որ Թուրքիայի մեջ մնացել են, ոչ թե ՀՀ-ին վերադարձվեն, այլ  գոնե Պոլսո հայոց պատրիարքությանը: Այսպիսի զանազան քայլեր կան, որոնք հողային խնդիրներ չեն հարուցի: Կրկնում եմ՝ առաջին հերթին պիտի ճանաչում լինի,  որից հետո սիմվոլիկ հատուցում և…

– Այսպես ասած՝ սիմվոլիկ  հատուցման տարբեր պատկերացումներ կան, օրինակ՝  ելք դեպի ծով:

-Դա իմ ցանկությունն է, բայց իրատեսական  չեմ համարում, սակայն այդ  երազանքը կարելի է պահել:

-Այսօրվա հայ-թուրքական «շփումներից» ելնելով  արձանագրություններին և հարաբերություններին  ի՞նչ  ճակատագիր է սպասվում:

-Մինչև թուրքական կառավարությունը չորոշի, որ իր շահից է բխում սահմանի բացումը, որ ինքը տուժում է միջազգային հարթակում, որովհետև նույնիսկ այն պետությունները, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը, գոհ չեն Թուրքիայից:

-ԱՄՆ-ից երբ ողջամիտ որոշում սպասենք:

-ԱՄՆ-ն Վուդրո Վիլսոնի օրոք ճանաչել է Ցեղասպանությունը, բայց վերջին տարիներին նախագահները թուրքական ճնշումների տակ խուսափում են, թեպետ, Օբաման գործածել է «Մեծ եղեռն» եզրույթը, որը եթե խելացի լինեինք, ապա աշխարհին կբացատրեինք, թե ինչ է նշանակում: Դա ոչ միայն ողբերգություն է նշանակում, այլ՝ ոճիր: Ինչպես հրեաներն օգտագործեցին «Շոան» (Shoah- աղետ), մենք էլ կարող ենք ակտիվորեն աշխարհին հասկացնել, որ Օբաման ասել է «Մեծ եղեռն», ուրեմն՝ ընդունել է  Մեծ ոճիրը:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում