Տ.Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին
Նմանատիպ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանին, տեղեկացնում են Քաղաքապետարանի մամլո ծառայությունից:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար և, բարձր գնահատելով վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթունում կատարված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, հույս է հայտնել, որ քաղաքապետի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով խորհրդականի նոր պաշտոնում Արայիկ Քոթանջյանն իր հետագա աշխատանքով ևս կնպաստի համայնքային ծրագրերի իրականացմանը:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանը, իր հասարակական գործունեության շրջանակում առնչվելով տեղական ինքնակառավարման համակարգին, ծանոթ է առկա հիմնախնդիրներին և հստակ պատկերացնում է դրանց լուծման ուղիները:
«Վստահ եմ, որ, ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները պահպանելով և շարունակելով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը կշարունակի մնալ լավագույն և օրինակելի վարչական շրջաններից մեկը: Մեզ համար այսօր կարևոր խնդիր է բնակչության կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը»,– ասել է նա:
«Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել նաև վարչական շրջանի զարգացմանն ուղղված ծրագրային քայլերի իրականացման ուղղությամբ: Ակնկալելում ենք արդյունավետ և բեղմնավոր աշխատանք»,- ավելացրել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ վարչական շրջանի առջև ծառացած բոլոր խնդիրները հնարավոր կլինի կարճ ժամանակում լուծել և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ապահովել կայուն զարգացում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում