«Հայկական ժամանակ». «Հարսնաքարի» գործով դատավարությունը անցավ լարված մթնոլորտում

«Հայկական ժամանակն» անդրադառնում է երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած «Հարսնաքարի» գործով դատավարությանը’ մասնավորապես նշելով. «Այն անցավ լարված մթնոլորտում և մեծ թվով ոստիկանների աչալուրջ ներկայությամբ:
Դահլիճում ներկա էին երկու տասնյակից ավելի ոստիկաններ, որոնց մի մասը կանգնած էր ամբաստանյալների կողքին, մյուս մասը’ ամբաստանյալների և դահլիճում հավաքված քաղաքացիների միջև: Եվս մեկ տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ նստել էին դահլիճի նստարանների աոաջին շարքում: Ի դեպ, ամբաստանյալները նկատելի խնամված տեսք ունեին, բոլորովին նման չէին այնպիսի անձանց, որոնք երկու ամիս կալանավայրում էին անցկացրել: Դահլիճում հավաքվածները նույնիսկ դառնորեն կատակում էին. «Նեմեցը բերդում իրա տղերքին լավ էլ նայում ա»: Նիստին ներկա քաղաքացիները ամոթանք էին տալիս ամբաստանյալների պաշտպաններին, անվանելով նրանց մարդասպանների փաստաբաններ, նրանք էլ կոչ էին անում պահպանել անմեղության կանխավարկածը’ նշելով, որ իրենց պաշտպանյալների մեղքը դեռ ապացուցված չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում