«Հրապարակ». Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը պաշտպանում է Նաիրի Հունանյանի մորաքրոջ որդուն
Նմանատիպ
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդամենը երկու ամիս է պաշտոնավարում, բայց արդեն հասցրել է ոչ միայն դերի մեջ մտնել, այլև ինտրիգների դաշտ ձևավորել: Առաջին նմուշը Մարտունու տարածաշրջանի Ծակքար գյուղն է, որտեղ սեպտեմբերի 23-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Համայնքապետի թեկնածուները երեքն են’ գործող համայնքապետ Գիտուն Ավետիսյանը, Արմեն Ալեքսանյանը և Մարատ Պողոսյանը:
Երրորդ թեկնածուն՝ Մարատ Պողոսյանը, որ մարզպետի սրտով է, և որին նա ուզում է տեսնել գյուղապետի պաշտոնում, հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչ ու իրականացնող Նաիրի Հունանյանի մորաքրոջ որդին է: Կրկին «Հրապարակի» վստահելի աղբյուրի փոխանցմամբ’ 29-ամյա Պողոսյանը ժամանակին խուսափել է զինվորական պարտադիր ծառայությունից’ հոգեկան ինչ-ինչ խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: «Առանց մեկնաբանության ու զեղումների գիրկն ընկնելու, պարզապես հարցնենք’ այս երկու «առավելություններն» ունեցող անձն իսկապե՞ս ցանկալի ու սատարման արժանի թեկնածու է, որ համայնքապետ ընտրվի»,- եզրափակում է թերթը: