Սերժ Սարգսյան. «Սիրիահայության այս վիճակը մեր բաց վերքն է»
Նմանատիպ
Սիրիայի հայության համար, իրոք, փորձության պահ է: Այս վիճակը մեր բաց վերքն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Նախագահ Սերժ Սարհսյանը:
«Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ապրում ենք կողք կողքի և միասին երկար ճանապարհ ենք անցել: Սիրիայի ցավը’ մեր ցավն է: Մերձավոր Արևելքում և արաբական պետություններում տեղի ունեցողը’ մեր պետության անվտանգության խնդրի հետ ուղիղ փոխշաղկապում ունի: Մենք շատ ենք ցանկանում, որ ստեղծված իրավիճակը հանդարտվի, և այլևս մարդիկ չզոհվեն մեր հարևան և բարեկամ Սիրիայում:
Հայաստանի պետական կառույցներն այս պահին ունեն առանձնահատուկ դեր: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի պետական մարմինները, մասնավորապես’ Արտգործնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և այլ պատկան մարմիններ, գործեն օպերատիվ և համակարգված, կարողանան համարժեք արձագանքել և որոշում ընդունել ստեղծված կոնկրետ իրավիճակում:
Մասնավորապես, պահանջում եմ ձեզանից, որպեսզի Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների նկատմամբ դրսևորեք ամենայն ուշադրություն և, ըստ հարկի, համակողմանի աջակցություն ցուցաբերեք նրանց:
Մեծապես կարևորում եմ առավելագույնս դյուրացված ձևով մեր հայրենակիցներին մուտքի արտոնագրերի տրամադրումը: Այդ ուղղությամբ մենք ձեռնարկեցինք անհրաժեշտ հրատապ քայլեր իրավական դաշտում և պետք է հետամուտ լինենք այդ հեշտացված ընթացակարգերի հարթ կիրառմանը:
Սիրիահայերի անվտանգության հարցը մեր դիվանագիտական ջանքերի կիզակետում է: Իրավիճակը շատ արագ է փոխվում, և մենք հետևում ենք բոլոր զարգացումներին, գնահատում ենք նոր առաջացող ռիսկերը, փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել: Հետագա զարգացումների համատեքստում մենք նաև պետք է պատրաստ լինենք մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել սիրիահայերին իրենց ցանկացած որոշման դեպքում: Թե՛ Հայաստան եկողները, թե՛ Սիրիայում մնալու որոշում կայացրած մեր հայրենակիցները պետք է հավասարապես զգան, որ մենք իրենց հետ ենք ցանկացած որոշման դեպքում: Մենք մշտապես պետք է ծրագրավորենք մեր հետագա քայլերը զարգացման բոլոր սցենարների դեպքում: Եվ այս ուղղությամբ ևս կոնկրետ արդյունքներ եմ ակնկալում:
Հայաստանը աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր հայորդու կողքին պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում: Եթե նույնիսկ մեր հնարավորությունները չհերիքեն բոլորին ձեռք մեկնելու, մեր ջերմությունն ու սրտացավությունը պետք է տեղ հասնեն և նեցուկ դառնան նրանց», – ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում