ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Նմանատիպ
ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանական կուսակցությունների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների համատեղ «կլոր սեղան»՝ «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» թեմայով, որն անց է կացվել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ։ Հայկական միջկուսակցական ֆորումի ամփոփումից հետո համատեղ հայտարարություն է տարածվել.
«Մենք’ Ստեփանակերտում անցկացված «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» առաջին ֆորումի մասնակիցներս, կարևորելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների քաղաքական կուսակցությունների համագործակցությունը և պարբերական շփումները երկու պետությունների կապերի սերտացման և փոխադարձ ինտեգրման, քաղաքական համակարգի զարգացման, համահայկական նշանակության, այդ թվում’ ԼՂՀ միջազգային ճանաչման հարցերում, քննարկելով մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարները, ընդհանուր խնդիրները, տարածաշրջանում և երկու հանրապետություններում առկա իրավիճակը, կարևորեցինք.
1. Տեղեկատվական հասարակության դարաշրջանում նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը’ կուսակցությունների ծրագրերը, գործունեությունը հասարակություններին իրազեկելու, Հայաստանի և Արցախի միջեւ համապարփակ տեղեկատվական փոխանակություն ապահովելու և այն միջազգային հանրությանը ներկայացնելու գործում,
2. Կուսակցությունների հետագա զարգացման համար պետական աջակցության ավելացումը, ինչն ավելի երաշխավորված կդարձնի հետևողական գործունեությունը’ առաջադրված խնդիրները լուծելու և շոշափելի արդյունքներ ձեռք բերելու տեսանկյունից,
3. Երկու պետություններում քաղաքացիական հասարակության կայացումը, պետություն-քաղաքացիական հասարակություն առողջ համագործակցությունը և նրա ներուժի օգտագործումը’ միջազգային ձևաչափերում Արցախի ու Հայաստանի հանրապետությունների անվտանգության խնդիրները և շահերը ներկայացնելու նպատակով,
4. Արցախի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների փոխգործակցության ձևաչափերի ձևավորումը,
5. Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունների խոր համագործակցությունը’ ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերն իրենց հասու խողովակներով և ինստիտուտներով միջազգային ատյաններում բարձրացնելու, առավելագույնս միասնաբար կամ փոխպայմանավորված հանդես գալու ԼՂՀ միջազգային ճանաչումը հասունացնելու նպատակով,
6. Արցախում ժողովրդավարական գործընթացների խորացումը, տարիների ընթացքում ընտրությունների որակի էական բարելավումը և բարեփոխումների շարունակականությունը’ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքական համակարգ կառուցելու նպատակով:
Ֆորումի մասնակիցները որոշեցին պարբերական դարձնել նման միջոցառումների անցկացումը Արցախի Հանրապետությունում»:
Համատեղ հայտարարության տակ ստորագրել են
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Ազատ Հայրենիք» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
«Օրինաց Երկիր» կուսակցություն
Հայ Հեղափոխական Դաշնակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
ՀՅԴ Արցախի կառույց