«Հայկական ժամանակ». ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժնում` աննախադեպ մեծ հավաք
Նմանատիպ
Անցած շաբաթ օրը ՀՀ ոստիկանության Երևանի կենտրոնի բաժնում աննախադեպ մեծ հավաք էր: Տարօրինակն այն էր, որ բաժնին հարող տարածքներում կային նաև կինոլոգներ’ իրենց հատուկ վարժեցված շների հետ: Այդ շներին սովորաբար օգտագործում են այն ժամանակ, երբ հաղորդում է ստացվում այս կամ այն հաստատությունում տեղադրված ռումբի մասին: «ՀԺ»-ի թղթակցի հարցին, թե ինչ է պատահել, ոստիկանները խորհրդավոր ժպտում էին և ասում, թե կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Սակայն, նույն երևույթն արձանագրվեց նաև անցած երկու օրերին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Սհարոնյանին հղած թերթի պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ ստացվել է նույն «պարզաբանումը» կանխարգելիչ միջոցառումների մասին: Սակայն, օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ ոստիկանական գործողությունները այնքան էլ «անշառ» չեն: Թերթի ունեցած տեղեկություններով, ԱՄՆ-ի զգուշացումները’ Հայաստանում իսլամիստների կողմից ահաբեկչական գործողությունների հավանականության մասին, անհիմն չեն: Այն տեղեկատվությանը, որի հիման վրա ԱՄՆ-ն հայտարարություն է արել, տիրապետում են նաև մեր իրավապահները: Ըստ թերթի ունեցած տեղեկությունների, իրավապահները զգուշացրել են մեծ ձեռնարկությունների, առևտրի կետերի, պետական հիմնակությունների ղեկավարներին, որպեսզի նրանք անմիջապես տեղեկացնեն նկատված տարօրինակ իրերի մասին: Առաջին ահազանգը եղել է կիրակի առավոտյան’ երկու կասկածելի փաթեթ են գտել Աբովյան փողոցի «ՄԱՄ» սուպերմարկետում: Համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքել են ահազանգին, բայց պարզվել է’դրանցում կենցաղային իրեր են: «Նկատենք, որ իրավապահները փորձում են հնարավոր ահաբեկչության մասին տեղեկատվությունը գաղտնի պահել՝ խուճապից խուսափելու համար, ինչը լրիվ հասկանալի է և ընդունելի: Ահաբեկչության հավանականությունն թլ գնահատվում է ոչ մեծ: Բայց նախընտրելի է մի քիչ ավեփ զգույշ և ուշադիր լինել»,-խմբագրականը եզրափակում է «ՀԺ»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում