«Հրապարակ». Աշտարակի ընտրություններում ԲՀԿ կսատարի նախկին ՕԵԿ-ականի՞

«Հրապարակի» տեղեկություններով, ԲՀԿ Աշտարակի տարածքային կառույցը հանգստյան օրերին ժողով է հրավիրել և որոշում կայացրել Աշտարակի քաղաքապետի սեպտեմբերի 23-ի ընտրություններում պաշտպանել նախկին ՕԵԿ-ական, այժմ անկուսակցական Ռազմիկ Տերտերյանի թեկնածությունը: Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ ԲՀԿ թեկնածուն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Այս պահի դրությամբ մնացել են 3 թեկնածու, և գլխավոր պայքարն ընթանալու է անկուսակցական գործարար Ռ. Տերտերյանի և ՀՀԿ-ական Արմեն Անտոնյանի միջև: Երեկ թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ԲՀԿ-ական պատգամավոր, ծնունդով Արագածոտնի մարզից Արագած Ախոյանից, ով հայտնել է, թե ինքը նման ինֆորմացիա չունի: «Գուցե նման որոշում է ԲՀԿ տարածքային կառույցն ընդունել, թող սատարեն»,- ասել է Ախոյանը, ով կողմ չէ «վերևներից» միջամտությանը ՏԻՄ ընտրություններին: «Ի վերջո պետք է թողել համայնքի բնակիչների ազատ ընտրությանը, որ հետո չբողոքեն ասեն’ լավ չեն ղեկավարում», ասել է Ախոյանը:
Պատգամավորին անհայտ է նաև’ ԲՀԿ-ական թեկնածուի ինքնաբացարկ հայտնելը: Հատկանշական է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում Աշտարակում մոտ 2 հազար ձայնով հաղթել է ՀՀԿ-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում