«Առավոտ». Քննարկումենր չեղած «Տիկո»-ի և եղած «Դերո»-ի մասին. խմբագրական
Նմանատիպ
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրամանյանը այսօրվա համարում գրել է. «Պատմում են, որ բանասիրական ֆակուլտետում կային դասախոսներ, որոնք, ցանկանալով տապալել ուսանողին քննության ժամանակ, հարցնում էին’ ինչպիսի՞ շրջազգեստ էր հագել այսինչ պահին վեպի այսինչ հերոսուհին: Բնականաբար, այդ երկրորդական դետալները սովորաբար հնարավոր չէ հիշել, եթե հատուկ մտքիդ չդնես: Իսկ ահա «քաղաքական» կոչվող գործընթացներում մարդկանց ուշադրությունը, որպես կանոն, սևեռվում է նման դետալների վրա: Նման մոտեցում ունեցողները բաժանվում են երկու կեսի՝ մի մասն ի վիճակի չէ կամ հավես չունի խորանալու, թե ինչի մասին է խոսքը, մյուս մասը շատ լավ էլ հասկանում է, բայց գործի էության քննարկումը նրանց համար ձեռնտու չէ, և նրանք միտումնավոր կենտրոնանում են մանրուքների վրա: Վերջիններս նման են «Բարոն Մյունհաուզեն» ֆիլմի թագավորին, որը ձև է անում, թե իր թագավորության ամենակարևոր խնդիրն է՝ շորերը կարելիս ճիշտ տեղում իրանի տեղը գտնելը: Շաբաթ օրը կառավարությունում կայացած խորհրդակցության ընկալման պատմությունը նույնն է: Քաղաքական գործիչների ու մեկնաբանների 90 տոկոսը «վերլուծում է» ոչ թե ՀՀ նախագահի բուն ասելիքը, այլ այն, թե ինչպես է նա դիմել վարչապետին և նախարարներին: Ընդ որում, այդ «խորքային վերլուծաբանների» հիշողության մեջ, չգիտես ինչու, տպավորվել է, որ Սերժ Սարգսյանը վարչապետին անվանել է «Տիկո»’ չնայած նա օգտագործել է «Տիգրան» դիմելաձևը: Իսկ առողջապահության նախարարին, այո, անվանել է «Դերո»: Թերևս իսկապես իմաստ ունի նման միջոցառումների ժամանակ ստորադասներին դիմել «պարոնով», բայց դա չորրորդական նշանակություն ունեցող մանրուք է:
Իսկ կարևորն այն է’ գոյություն ունե՞ն, թե՞ չունեն այն խնդիրները, որոնք բարձրացրել է նախագահը: Կա՞ն իրականում պետական միջոցների թալան, կոռուպցիա, «ատկատներ» և այլն: Հնարավո՞ր է արդյոք տնտեսել պետական բյուջեի միլիարդավոր դրամներ, եթե կտրվի նման մեքենայություններով զբաղվող պաշտոնյաների «ծորակը», եթե «ծիգ»-երն ու նախարարությունները չմտնեն հանցավոր համաձայնության մեջ, եթե պետական փողերը ռացիոնալ ծախսվեն: Կա՞ արդյոք բարձիթողի վիճակ դեղերի շուկայում, հնարավո՞ր է այդտեղ տարրական կարգուկանոն հաստատել: Ահա այդ խնդիրների վերլուծությանը ես այս երկու օրվա ընթացքում չեմ հանդիպել: Փոխարենը’ չեղած «Տիկո»-ի և եղած «Դերո»-ի քննարկում, լավագույն դեպքում’ գուշակություններ սուրճի բաժակի շուրջ, թե երբ է փոխվելու վարչապետը: Վերը նշված խնդիրները արդյոք պայմանավորվա՞ծ են վարչապետի, նախագահի կամ որևէ այլ պաշտոնյայի անձով: Թե՞ պետք է ստեղծել ինստիտուտներ, մեխանիզմներ, կանոնակարգեր’ այդ ամենը հետզհետե վերացնելու համար:
Ինձ երբեմն թվում է, որ անձնական մակարդակով ոադիկալ փոփոխությունների կոչեր են անում հենց նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրական կյանքում որևէ բան փոխվի»: