«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մեհրաբյանին հորդորել է «չխանգարել» իր փեսայի վերընտրությանը
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս իր մոտ է կանչել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մեհրաբյանին և ասել, որ չպետք է «խանգարի» իր փեսա Կարապետ Գուլոյանի վերընտրությանը: Թերթը նշում է, որ ի սկզբանե ասվում էր, թե Մեհրաբյանը ձևական է իր թեկնածությունն առաջադրել, սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ նա տարբեր շրջանակների մոտ հայտարարել է, թե ինքը լուրջ պայքարելու է հաղթանակի համար: Իսկապե՞ս Ծառուկյանը Ձեզ իր մոտ է կանչել և սպառնացել: Թերթի այս հարցին Մեհրաբյանը պատասխանել է. «Ծառուկյանն ինձ չի կանչել, ես սուտ բաներ չեմ խոսում: Նա ինձ հրավիրել է: Ես իրեն առաջարկեցի, որ պարոն Ծառուկյան, ելույթ ունեցեք ու ժողովրդին ասե՛ք, «ժողովուրդ ջան, կա երկու թեկնածու, դուք որին էլ ընտրեք, ես նրա հետ կաշխատեմ»: Այդ դեպքում հա´մ ժողովրդի ընտրյալը կլինի, հա´մ էլ Ձեր ռեյտինգը կբարձրանա: Ինքն էլ ասաց՝ եթե դու անցնես, առաջիններից մեկը ես կլինեմ, որ քեզ կշնորհավորեմ: Ու վերջ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում