Ն.Բորդյուժա. «Մենք պետք է ավելի զարգացնենք ռազմական համագործակցությունը»

ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 18-ին կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների անդամների եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների մասնակցությամբ համատեղ նիստը:

Իր ելույթի ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմական համագործակցությունը. «Պետք է ուժեղացնել ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների միջև»:

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ նորմատիվ բազա, որը թույլ է տալիս ոչ միայն ուժ կիրառել, այլև տեղափոխել զորքերը դաշնակից երկրների սահմաններով:

«Հաշվի առնելով աշխարհում զարգացող իրավիճակը, մենք պետք է նախաձեռնենք ավելի արդյունավետ և ակտիվ քայլեր, որպեսզի էլ ավելի զարգացնենք ռազմական համագործակցությունը»,- ընդգծել է նա:

Բորդյուժայի խոսքով, բացի ՀԱՊԿ-ում արդեն իսկ գործող ստորաբաժանումներից, պետք է ստեղծել նոր ստորաբաժնումներ և պետք է ձևավորվի ՀԱՊԿ ընդհանուր զինված ուժեր, որոնք իրենց մեջ կներառեն թե խաղաղապահ ստորաբաժանումները, թե արագ արձագանքման խմբերը, ինչպես նաև պետք է ձևավորել ՀԱՊԿ-ի օդուժը, որը ոչ միայն կզբաղվի անձնակազմի տեղափոխման, այլ նաև տարածաշրջանում հակամարտության դեպքում դրա տեղայնացմամբ, ինչպես նաև կապահովի ցամաքային գործողությունների թիկունքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում