Դ. Լիդինգտոն. «Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես երկարաժամկետ և արժեքավոր գործընկեր»
Նմանատիպ
Սեպտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները քսանամյակը և կարող ենք փաստել, որ կողմերի միջև համագործակցությունը կայուն հիմքերի վրա է»:
Նախարար Լիդինգտոնը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես երկարաժամկետ և արժեքավոր գործընկեր ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:
Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նախարար Լիդինգտոնի պատվիրակության կազմում ներգրավված են նաև գործարարներ, ինչը հնարավորություն կընձեռի նոր լիցք հաղորդել տնտեսական փոխգործակցությանը: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը տեղեկացրեց, որ մոտ ապագայում ծրագրվում է բրիտանացի գործարարների խոշոր պատվիրակության այցելություն կազմակերպել Հայաստան:
Զրուցակիցները կարևորեցին Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի զարգացմանը, ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, Բրիտանական խորհրդի կրթամշակութային գործունեությունը:
Քննարկման գլխավոր թեմաներից էր Հայաստան-Եվրամիության համագործակցությունը և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը և ընթացող բանակցությունները, այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը:
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն և Լիդինգտոնը անդրադարձան մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, մասնավորապես՝ մերձավորարևելյան զարգացումներին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առկա իրավիճակը: Անդրադարձ կատարվեց հունգարաադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովի ազատ արձակման պատճառով տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը հասցված հարվածին: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը նշեց, որ ՄԹ սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը նշեց, որ Սաֆարովի ազատ արձակման առնչությամբ իր երկիրը լիովին կիսում է Եվրոպական Միության, Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների դրույթները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում