«Առավոտ». Ոստիկանությունը կալանավորներին տեղափոխելու նորմալ մեքենա չունի
Նմանատիպ
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը նշանակված էր սեպտեմբերի 18-ին, ժամը 15-ին: Սակայն հերթական անգամ նիստը ուշացումով սկսվեց, քանի որ հերթական անգամ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ամբաստանյալ 3 զինծառայողներին Իջևան տեղափոխող ոստիկանական մեքենան դատական նիստի սկզբին դեռ ճանապարհին էր: Նիստը հետաձգվեց մեկ ժամով: Ժամը 16-ին, երբ նիստը սկսվեց, դատավոր Սամվել Մարդանյանը ամբաստանյալներին ուղեկցող ոստիկաններին հարցրեց, թե ի՞նչն է նրանց ուշացման պատճառը: Ոստիկաններից մեկն ասաց, որ իրենց մեքենան տեխնիկապես անսարք է, ճանապարհի վերելքների ժամանակ տաքանում է: Դատավորը ոստիկաններին հանդիմանեց’ ասելով, որ պետք է շուտ ճանապարհ դուրս գալ, և հավելեց. «Սա լինի վերջին դեպքը, և դուք զեկուցեք վարչության պետին, որ գործով գնում եք. որ շատ գնաք, որ ժամը 8-9-ին լինեք Երևանում»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատավորին առաջարկեց այդ առթիվ միջնորդություն ուղարկել: Դատավորն ասաց, որ ինքն արդեն խոսել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի հետ, որպեսզի նա այդ գործը վերցնի իր հսկողության տակ: Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց. «Ոստիկանությունն ունի տասնյակ ջիպեր, բայց կալանավորներին տեղափոխելու նորմալ մեքենա չունի»: Դատավորն ասաց, որ այն հարցերը, որ իրենց լուծելու խնդիրներ չեն, չպետք է դատարանում քննարկվեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում