«Առավոտ». Դասակարգային ճշմարտություններ. խմբագրական
Նմանատիպ
«Առավոտը» այսօրվա խմբագրականում գրել է. «Կալիֆորնիայում ապրող ինչ-որ մի անհայտ ու անհաջող անձնավորություն youtube-nւմ տեղադրել է ֆիլմ, որը վիրավորում է մահմեդականների զգացմունքները: Շատ վատ է արել’ դատապարտենք նման գործելակերպը: Բայց արդյոք այդ մասնավոր անձի արարքը կապ ունի՞ ԱՄՆ-ի և ավելի լայն իմաստով’ Արևմուտքի հետ: Ինչո՞ւ հոգևոր այդ հաշմանդամի ցնդաբանությունների համար պետք է պատասխան տա և ներողություն խնդրի ԱՄՆ կառավարությունը կամ Հռոմի պապը, առավել ևս’ ինչո՞ւ այդ պատճառով պետք է զոհվի Լիբիայում Ամերիկայի դեսպանը: Սա, հավանաբար, այն ջրբաժանն է, որը տարբերակում է արևմտյան և արևելյան մտածելակերպը: Ըստ վերջինիս’ գոյություն չունեն մասնավոր անձինք’ իրենց մասնավոր կարծիքով: Կան միայն ազգային-կրոնական թիմեր, որոնք խաղում են կամ, համենայնդեպս պիտի խաղան միևնույն կանոններով: Ըստ այդ մոտեցման’ մարդկային անհատական դրսևորումներ գոյություն չունեն’ ամեն ինչ կարգավորվում է վերևից եկող հրահանգներով: Դա բավականին նման է այն հայեցակարգին, որը քարոզում էին բոլշևիկները’ պարզապես ազգի և «ճշմարիտ» հավատացյալների փոխարեն հանդես էին գալիս «դասակարգերը», ինչի հետևանքով ամեն ինչ դառնում էր «դասակարգային»’ իդեալները, մարդասիրությունը, ճշմարտությունը: Նա, ով իրեն թույլ էր տալիս ենթադրելու, որ այդ ամենը կարող է վերդասակարգային բնույթ կրել, առնվազն փտած ինտելիգենտ էր:
Մեր հասարակական կյանքում նույնպես անհատական, անձնական դրսևորումները մերժվում են «վերնախավի» կողմից: Եթե հնչում է որևէ տեսակետ, այդ «վերնախավի» դատավորները շտապում են մտցնել այդ կարծիքը որևէ «ռուբրիկայի» մեջ’ իշխանություն, թե ընդդիմություն, ՀՀԿ, թե ԲՀԿ, ազգային, թե ապազգային: Եվ եթե այդ տեսակետը ինչ-որ առումով ձեռնտու չի լինում, ապա հակափաստարկների համակարգը կառուցվում է հենց այդ’ «թիմային» հոգեբանության հիման վրա:
Երբ մի կուսակցական փորձում է հերքել մյուս կուսակցականին’ «դու ծառայում ես քո տերերին» փաստարկով, միշտ բնական հարց է առաջանում’ իսկ նման բան ասողը ո՞ւմ է ծառայում’ բացարձակ ճշմարտությա՞նը, դարավոր իմաստությա՞նը: Վաղուց արդեն եկել է ժամանակը, երբ կուսակցականներն իրար և մնացածների մեջ տեսնեն անհատների’ իրենց ճիշտ կամ սխալ դրսևորումներով և ոչ թե «դասակարգային ճշմարտությունների» մարմնավորումը: Դա կօգնի փնտրել ցանկացած’ ամենահակակրելի կերպարի արտահայտած մտքում կամ գործելակերպում ռացիոնալ հատիկը և բանավիճել դրա շուրջ: Իսկ փնովելն ու զովերգելը թողնել մանկապարտեզային և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին:
Երեկ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հայտարարեց, որ «Սիվիլիթասի» գործը լսվելու է առանց լուսանկարելու և տեսանկարահանելու: Ոչ թե այն պատճառով, որ նիստում պետական գաղտնիքներ են հրապարակվելու, այլ’ որովհետև լրատվամիջոցներն այդ դատավարությունը, իր կարծիքով, սխալ են լուսաբանում: Այդ դատավորն էլ, հավանաբար, իր դասակարգային ճշմարտություններն ունի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում