ԱՐՄԵՆԱԼ-ը հաջողությամբ ներդնում է ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգը
Նմանատիպ
Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը էապես բարձրացրեց ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի ներդրման արդյունավետությունը: 2012 թ. առաջին կիսամյակում գործարանի աշխատակիցները առաջարկել են 210 կայզեն’ կատարելագործումներ աշխատատեղերում, որոնք կարող են իրականացվել առանց ֆինանսական ներդրումների’ բացառապես ներքին պահուստների հաշվին: Ողջ 2011 թ. արդյունքներով այս ցուցանիշը կազմում էր 360 կայզեն: Այս մասին հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից:
Բացի այդ, արտադրական համակարգի շրջանակներում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱՐՄԵՆԱԼ-ում մշակվել է 22 նախագիծ’ շուրջ 80 հազար դոլար ակնկալվող ընդհանուր տնտեսական արդյունավետությամբ: Առավել նշանակալիների թվում են’ սառեցնող քսահեղուկի զտման ցիկլերի կրճատման, խնայողական օգտագործման, փայլաթիթեղի հատման մեքենայի պարապուրդների նվազեցման և այլ նախագծերը:
ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնիկական մասնագետների և բանվորների ակտիվությունն արժանացավ ՌՈՒՍԱԼ-ի արտադրության զարգացման գծով տնօրենի’Դմիտրի Բոնդարենկոյի բարձր գնահատականին. «Երևում է, որ գործարանը զարգանում է, իսկ ամենակարևորը’մարդիկ են զարգանում: Նրանք դառնում են ավելի ու ավելի շահագրգիռ իրենց աշխատանքի հանդեպ’ ինչ են անում և ինչպես: Մեզ մոտ մեծ է պահեստային ներուժը, բայց եթե մարդիկ անձամբ շահագրգիռ չլինեին դրա բացահայտմամբ, ապա միայն ուսուցմամբ մենք չէինք հասնի նման արդյունքների»:
ՌՈՒՍԱԼ-ի արտադրական համակարգի հայեցակարգը հիմնված է Ճապոնիայի ավտոմեքենաշինական ձեռնարկություններում մշակված սկզբունքների վրա, որ հետագայում հաջողությամբ կիրառվել է աշխարհի խոշորագույն ընկերություններում: ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերությունը դարձավ Ռուսաստանում արտադրական համակարգի ներդրման նախաձեռնողը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում