Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի պատվիրակությանը

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի (Մինեսոթա, ԱՄՆ) նախագահ հայր Դենիս Դիսին և հոգաբարձուների խորհրդի անդամներին:

Մայր Աթոռի մամլո դիվանի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ողջունելով «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի ներկայացուցչական խմբի այցը Հայաստան’ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց համալսարանի տնօրինությանը և հոգաբարձուներին կրթական ոլորտում կարևոր և պատասխանատու առաքելություն ստանձնելու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և համալսարանի միջև Գաֆեսճյան ընտանիքի ջանքերի շնորհիվ ձևավորված սերտ համագործակցության առիթով, որի արդյունքում Մայր Աթոռի երկու միաբաններ առիթ են ունեցել իրենց ուսումնառությունը շարունակելու «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանում:

Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ վերջին տասնամյակում տարբեր Եկեղեցիների աջակցությամբ Մայր Աթոռից շուրջ քառասուն եկեղեցականներ կրթություն են ստացել արտերկրի համալսարաններում և բարձրագույն կրթական հոգևոր հաստատություններում’ մասնագիտանալով կրոնական-աստվածաբանական տարբեր առարկաների մեջ:

Իր խոսքում «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահն ուրախություն հայտնեց համալսարանում հայ եկեղեցականների ուսումնառության առիթով’ վստահեցնելով, որ համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ ապագային ավելի կզորանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում