Ստեփանավանի օդանավակայանը կօգտագործվի արտակարգ իրավիճակների դեպքում
Նմանատիպ
Այսօր ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժություններից անմիջապես հետո ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը ՌԴ ԱԻՆ գլխավոր ռազմական փորձագետ Պ. Պլատի հետ ուղղաթիռով մեկնեց Ստեփանավանի օդանակայան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Կարճատև այցի ընթացքում նրանք ուսումնասիրեցին օդանավակայանի տարածքը և հնարավորությունները։ Հետագայում նախատեսվում է այն վերանորոգել և արտակարգ իրավիճակների դեպքում օգտագործել փրկարարներ, մարդասիրական օգնություն ստանալու և այլ երկրներ ուղարկելու համար։
Վերադարձին ուղղաթիռը վայրէջք կատարեց ՀՀ ԱԻ նախարարության շենքի առջևի հրապարակում, որպեսզի մեր հյուրերը ծանոթանան նորակառույց «Արտակարգ» քաղաքին։
ՌԴ ԱԻՆ գլխավոր ռազմական փորձագետ Պ. Պլատը վստահություն հայտնեց, որ իրենց հայ գործընկերների հետ համագործակցությունը գնալով ավելի ամուր ու սերտ է լինելու։
«Հայաստանի և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, իսկ հիմա, երբ որոշվել է ՀՀ տարածքում հիմնել մարդասիրական օգնության հայ-ռուսական համատեղ կենտրոն, այն ավելի կսերտանա։ Մենք արդեն այդպիսի փորձ ունենք։
Նման մի կենտրոն հիմնել ենք Սերբիայում, և փորձը ցույց տվեց, որ արտակարգ իրավիճակների դեպքում այն մեծ ծառայություն կարող է մատուցել ոչ միայն տվյալ երկրին, այլև ամբողջ տարածաշրջանին»։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը ևս նշեց, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ կապերը շատ ջերմ են, և համատեղ մարդասիրական օգնության կենտրոնի ստեղծումից հետո փոխգործակցությունն ավելի արդյունավետ կլինի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում