«Հրապարակ». ԲՀԿ մինի-հավաքում քննարկվել է Սերժ Սարգսյանին սատարելու հարցը

«Հրապարակի» տեղեկությունների համաձայն, թե 2013-ի նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի քանի նախարարական պորտֆելների դիմաց մտադիր է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կարծես թե կյանքի են կոչվում: Երեկ ԲՀԿ շրջանակներից թերթը տեղեկություն է ստացել, որ շաբաթ օրը կոնյակի գործարանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինի-հավաք է կազմակերպել, որին մասնակցել է կուսակցության ակտիվը: Ծառուկյանը կուսակիցներին ներկայացրել է նախագահականին ընդառաջ իր պլանները, ասելով, թե առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի հետ ինքը բանակցելու է’ նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը սատարելու դիմաց պահանջելով կառավարության 6 գերատեսչությունների ղեկավարների պաշտոնները: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանի ասածից ԲՀԿ-ականները զարմացել են: «Ինչի մենք մեր թեկնածուով չե՞նք գնալու»,- անմեղ հարց են տվել նրանցից ոմանք, սակայն ԲՀԿ ղեկավարը եզրափակել է առարկությունների ալիքը և հայտարարել, որ միայն այս պահանջի կատարման երաշխիքներ ստանալու դեպքում ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին:
Որքան էլ տարբեր ԲՀԿ-ականներ խրոխտ ձայնով հայտարարեն, թե նախագահական ընտրությունների հարցը չի քննարկվում, այսօր ոչ միայն ԲՀԿ-ում, այլև ողջ քաղաքական դաշտում դա միակ քննարկվող թեման է, պարզապես Ծառուկյանի կուսակցությունում խստիվ արգելք է դրված մամուլի հետ շփումների վրա, և կան մի շարք տխուր օրինակներ, թե քանի քանիսը տուժեցին ԲՀԿ գրաքննիչների հետ չհամաձայնեցված խոսք ասելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում