Ադրբեջանական քարոզչական թեզերն ու դրանց տարածողները

Ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի ներքին լսարանի համար մի քանի քարոզչական թեզեր ունի, որոնք ժամանակ առ ժամանակ ակտիվացվում են:

«Մոտակա շրջանում պատերազմ է լինելու» քարոզչական թեզը վերջին մի քանի տարիներին ամենաակտիվ օգտագործվողներից է, և նախատեսված է մի կողմից հայկական լսարանին մշտապես լարված, խուճապային տրամադրությունների ազդեցության տակ պահելու, մյուս կողմից՝ բանակցային գործընթացի վրա ճնշում գործադրելու, հայկական կողմից որոշ հարցերում զիջումներ կորզելու նպատակով: Այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ լինելու է, այդ հարցում կասկածներ այլև գրեթե ոչ ոք չունի, քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական քաղաքականությունն ու քարոզչությունն ուղղված է հայերի նոր ցեղասպանության «արդարացմանը», սակայն պատերազմի իրական վտանգն այլ է, դիվանագիտական, քաղաքական ոլորտում այդ թեմայի շահարկումն՝ այլ:

Հայաստանի լսարանի համար ադրբեջանական մեկ այլ քարոզչական թեզն է այն, որ «մենք միլիարդներ ենք տրամադրում զենք գնելու համար, և դուք փրկվելու հնարավորություն չունեք»: Այս թեզը նույնպես հայ հասարակության ներքին դիսկուրս ոլորտում լայնորեն կիրառվում է: Տարբեր քննարկումների, զրույցների ընթացքում պարբերաբար կարելի է լսել, թե Ադրբեջանն ինչ նորագույն զինատեսակներ է գնել, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ողջ բյուջեի չափ է և այլն: Այս թեզի նպատակն է նախքան պատերազմ սկսելը բարոյալքման, հուսաթափության հասցնել հայկական լսարանին, ինչպես նաև ամրապնդել թշնամու գերակայության մասին դիրքորոշումները՝ արդյունքում ավելացնելով դասալքությունն ու հիասթափությունը: Թե որքանո՞վ է այս թեզը համապատասխանում իրականությանը, որքանով՝ ոչ, այլ հարց է: Կան վերլուծություններ, որոնք ցույց են տալիս, որ եթե ադրբեջանական ռազմական բյուջեից դուրս ենք հանում նավատորմի, աշխատավարձրերի, կոռուպցիայի և այլ նմանատիպ ոլորտների վրա ծախսած գումարները, ապա վերջում մնացած թիվն այդքան էլ սարսափելի չէ: Բնականաբար, դա չի նշանակում, թե ուշադրություն չպետք է դարձնենք արբեջանական ռազմական մեքենայի զարգացումներին, սակայն ուշադրություն դարձնելն ու «ահարկու» լուսաբանումները տարբեր բաներ են, տարբեր խնդիրներ են լուծում:

Վերոնշյալ քարոզչական թեզերը գրեթե ամեն օր հայտնվում են ադրբեջանական լրատվամիջոցների էջերին տարբեր պաշտոնյաների, փորձագետներ կամ լրագրողների մեկնաբանությունների տեսքով: Իսկ հայկական լսարանին դրանք հիմնականում հասնում են մեր լրատվամիջոցների տեղեկատվական քաղաքականության արդյունքում:

Հայրենական լրատվամիջոցներից ավելի հազվադեպ ադրբեջանական թեզերը մեզանում տարածում են նաև հայաստանցի տարբեր ոլորտների «կարծիքի առաջնորդներ», «փորձագետները»:

Երեկ ականատես դարձանք, թե ինչպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը բարձրաձայնեց ադրբեջանական քարոզչական թեզերը, այն էլ՝ չափազանցված ավելին, քան կհամարձակվեն արդբեջանցիները:

Խոսքը Հրանտ Բագրատյանի ելույթին է վերաբերում, որտեղ նա նշեց. «Ալիևն արդեն 40 մլրդ-ի զենք է առել: Մենք չունենք անօդաչու ինքնաթիռներ, այդպիսի հեռահար հրետանի: Ադրբեջանը կառավարվող հրետանի է առնում, որպեսզի իրենց կողմից զոհ չլինի» (Սկզբնաղբյուր՝ Aravot.am)։ «Գնել են անօդաչու ինքնաթիռներ և պատրաստվում են Հայաստանը ռմբակոծել: Իսկ մենք չունենք հեռահար հրետանի» (Սկզբնաղբյուր՝ Tert.am): Բագրատյանի ռազմական անգրագիտության թեման արդեն մեկնաբանել է ռազմական ոլորտում մասնագիտացած Razm.info կայքը, որտեղ տեսնում ենք, որ Ադրբեջանը 1992-2012 թվականների ռազմական բյուջեի վրա ծախսել է Բագրատյանի նշած թվից մոտ երկու անգամ ավելի քիչ, որից միայն մի մասն է տրամադրվել զինտեխնիկա գնելուն: Բացի այդ, իրականությանը չեն համապատասխանում նաև Բագրատյանի հայտարարություններն անօդաչու թռչող սարքերի, հեռահար հրետանու և այլ հարցերի վերաբերյալ: Բագրատյանի ռազմական անճշտությունների թեման բաց կթողնենք՝ ուշադրությունը կենտրոնացնելով այլ հանգամանքների վրա:

Նախ՝ Բագրատյանն «ադրբեջանական բանակի հզորության» և «հայկական բանակի թշվառության» մասին իր հայտարարությունն արեց սեպտեմբերի 20-ին, իսկ սեպտեմբերի 19-ին ավարտվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում անցկացվող «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը: Զորավարժություններին մասնակցեցին շուրջ 2 հազար մարդ, 500 միավոր զրահատեխնիկա: Զորավարժություններին հետևեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Անատոլի Սերդյուկովը, միջազգային կազմակերպությունների դիտորդներ, բազմաթիվ հյուրեր (սկզբնաղբյուր՝ emedia.am)։ Իսկ սեպտեմբերի 20-ին գերազանց կերպով ավարտվեցին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորավարժությունները:

Բացի ռազմական պատրաստությունից, զորավարժությունները նաև քարոզչական խնդիր են լուծում՝ բարձրացնել բնակչության բարոյահոգեբանական վիճակը, ամրացնել ապահովվածության, անվտանգության զգացողությունը, հավասարակշռել արտաքին թշնամու «ահարկու» քարոզչությունը և այլն: Այս իրավիճակում Բագրատյանի կողմից ներքին լսարանի մոտ հնչեցվող ադրբեջանական քարոզչական թեզերն, այն էլ ադրբեջանցիներից առավել ուռճացված, կամա թե ակամա զորավարժությունների հետ կապված հայկական բանակի կարողությունների վերաբերյալ բնակչության հնարավոր հավատը թուլացնելու, զորավարժության դրական ազդեցությունն ի չիք դարձնելու խնդիր են լուծում:

Զավեշտալին այն է, որ նույն զորավարժության ժամանակ բարեհաջող կերպով օգտագործվեցին հայկական անօդաչու թռչող սարքերը, հետո էլ դրանք ցուցադրվեցին պատվիրակություններին, իսկ Բագրատյանը սև PR-ի (ստի վրա հիմնված) կանոններին համապատասխան հայտարարում է, թե «մենք չունենք անօդաչու ինքնաթիռներ»:

Ամեն դեպքում վստահ ենք, որ որոշակի շրջանակներ ելնելով քաղաքական հայացքներից՝ Բագրատյանի խոսքերն անվերապահորեն կընդունեն որպես ճշմարտություն, որոշ մարդիկ էլ կհավատան, որովհետև տեղյակ չեն իրականությունից ու զորավարժությունից, և Բագրատյանի, ավելի ճիշտ ադրբեջանական քարոզչական թեզերը իրենց նպատակին կհասնեն ու ևս մեկ անգամ շրջանառության մեջ կդրվեն:

Բացի վերոնշյալից, սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 21-ամյակը, իսկ տոն օրերին պետության ու երկրի հետ կապված դրական տեղեկատվական հոսքերը մեծանում են, և այս հարցում Բագրատյանի հայտարարությունները բացասական տեսանկյունից նույնպես «անգործ» չեն մնա:

 

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում