Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. «Անկախությունն Աստծո պարգևն է ի դիմաց այն զրկանքների, որ մենք կրեցինք Ցեղասպանության և խորհրդային աստվածամերժության հալածանքների տարիներին»
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով, հայտրում են Մայր Աթոռի մամլո դիվանից: Times.am-ը ներկայացնում է ուղերձն ամբողջությամբ.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու և բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց և արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է’ հյուսված մեր ժողովրդի արիասիրտ զավակների հավատքով ու տեսիլքով: Անկախությունը Աստծո պարգևն է ի դիմաց այն զրկանքների ու կորուստների, որոնք մենք կրեցինք Ցեղասպանության և խորհրդային աստվածամերժության հալածանքների տարիներին:
Այսօր մենք գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ անկախության քսանմեկ տարիների ընթացքին արձանագրել ենք բազում ձեռքբերումներ ու հաջողություններ’ ունենալով նաև դժվարություններ ու ձախողումներ:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հավատում ենք, որ չնայած առկա մարտահրավերներին, պիտի շարունակենք հետևողական ջանքերով, աննահանջ ոգով զորացնել հայոց պետականությունը’ հերոսական նոր էջեր հավելելով մեր ժողովրդի տարեգրությանը:
Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի հովանու ներքո ամուր ու անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց’ արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում