«Այստեղով թուրքեր են անցել, բայց այլևս չեն անցնի». 23 տարի առաջ այս օրը բացվեց «Կյանքի ճանապարհը» (տեսանյութ)

«Այստեղով թուրքեր են անցել, բայց այլևս չեն անցնի». 23 տարի առաջ այս օրը բացվեց «Կյանքի ճանապարհը» (տեսանյութ)

1992-ի մայիսի 18-ին ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը. ազատագրվեց Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից՝ Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր): Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի  տրամաբանական ավարտը՝ վերականգնելով  Մայր Հայաստանի հետ կապը: Արցախ-ՀՀ միջանցքին «Կյանքի ճանապարհը» հենց այնպես տրված  անվանում չէր. Լեռնային Ղարաբաղը ծանրագույն վիճակում էր, քանի որ  չկար էլեկտրամատակարարում,  գազամատակարարում, իսկ զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի անհրաժեշտ նվազագույն   քանակը  տեղափոխվում էր քաղավիացիայի  ուժերով:

Ռազմական աղբյուրների համաձայն՝ Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկում են  օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։

Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Գործողությանը մասնակցում են  ԻՊՈՒ 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանի և ՀՀ-ից կամավորական տարբեր ջոկատներ։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առնում Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Արդեն  մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտնում են  Բերձոր (Լաչին), ապա դուրս գալիս ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող  «Մարդասիրական միջանցքը։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրում է  խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցնում Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվում է թուլացնել թշնամուն, ապա  հակահարձակման արդյունքում  իրար հետևից վերցնել  կարևոր դիրքեր՝ թշնամուն ստիպելով նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը: Հարավային ուղղությամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողությունները   ավարտվում են  հաջողությամբ։ Չհամակերպվելով  իր պարտության հետ, հակառակորդն այս անգամ ակտիվ մարտական գործողություններ է սկսում միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները, սակայն,  հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները, զարգացնում իրենց առաջխաղացումն՝ ազատագրելով  Խրմանլար գյուղը, ապա  վնասազերծում Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։

Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ ապահովվեց  Ստեփանակերտ-Լաչին-Գորիս երթևեկությունը:

Մոտ երկու տարի առաջ հանրության դատին հանձնվեց Սամվել Թադևոսյանի Բերձորի (Լաչին) ազատագրման մասին պատմող «Միացում» ֆիլմը,  որտեղ առաջին անգամ ներկայացվեցին թուրքական աղբյուրների վկայությունները Լաչինի ազատագրման գործողությունների մասին, ինչպես նաև  բացառիկ կադրեր  Խոջալուի օպերացիայից:

«Առաջին անգամ օգտագործվել է Ադրբեջանի ազգային հերոս, ռազմական լրագրող Չինգիզ Մուսթաֆաևի` 16-րոպեանոց տեսանյութը, որում նշվում են ադրբեջանցի գնդապետների անուններ, ովքեր հրաման են տվել լքել Լաչինը: Ազատագրման պահին Լաչինը դատարկ է եղել: Ֆիլմը փաստերով հակադարձում է ադրբեջանական սուտ տեղեկատվությանը, թե հայերը Լաչինում կոտորած են արել: Ես ինքս Դուշման Վարդանի վաշտի կազմում անձամբ տեսել ու նկարահանել եմ նոր ազատագրված Լաչինը. այդ պահին Լաչինում ամեն ինչ կար, բացի թուրքերից»,-վստահեցրեց ռեժիսորը:

Աշխարհագրական, ռազմաքաղաքական հարթությունից տեղափոխվելով այլ դաշտ,  հարկ է  նկատել՝ Բերձորի օպերացիան իր մեջ կրում էր  միացման այն գաղափարը, որը ղարաբաղյան շարժման հիմնասյունն էր և որի  վերականգնումը զուտ բարոյահոգեբանական և ներքին քաղաքական առումով  այսօր  արդիական խնդիր է:

«Թուրքը պայքարում է իր չունեցածի համար, իսկ մենք մեր ունեցածի համար չենք պայքարում, այնինչ պարտավոր ենք պայքարել և պահպանել: Այսօր մենք հաղթանակ ենք տոնում` արյան գնով նվաճված, բայց, ցավոք, չկարողացանք հաղթել ընչաքաղցությանը, մեզ մոտ առաջացավ ընչաքաղցություն դեպի իշխանությունը: Եթե ուզում ենք առաջ շարժվել, պիտի դեպի լավը գնանք, սրբագործվենք: Աշխարհը մեզ է նայում, թե ինչ ենք անում: Մեզ միաբանություն է պետք, բարոյականություն: Գարեգին Նժդեհը տվել է էս ամենի սահմանումը»,– մի առիթով ինձ հետ զրույցում նկատեց Քաշաթաղի շրջանի նախկին հոգևոր հովիվ Հայր Աթենասը՝ բարձրացնելով  ազատագրված շրջանների վերաբնակեցման հարցը:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում