Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների արդյունքները մինչև հունիսի 5-ը կներկայացվի (տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վարչապետի հանձնարարականով ստուգումներ է իրականացրել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:
«Հանրապետության Նախագահի համապատասխան հանձնարարականից հետո ես Ֆինանսների նախարարությանը տվել եմ համապատասխան ձեռնարկությունների ցանկ և հանձնարարել եմ այդ ձեռնարկություններում ստուգումներ անցկացնել: Ես մեկ շաբաթ առաջ հանդիպել եմ ֆինանսների նախարարի հետ, և նա ինձ խոստացել է մինչև հունիսի 5-ը ներկայացնել այդ ստուգուների արդյունքները»,– հայտնեց վարչապետը:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը, թե ՀՀԿ խորհրդի հայտնի նիստի ժամանակ ՀՀ վարչապետն ինչ նկատի ուներ՝ ասելով՝ եթե կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, պետք է «բամփել»՝ վարչապետն ընդգծեց, որ որևէ մեկին ահաբեկելու խնդիր չեն ունեցել:
«Դա վերաբերել է բոլոր այն մարդկանց, ովքեր զբաղվում են բիզնեսով և հարկերը չեն վճարում: Այդ թեմայով է եղել մեր խոսակցությունը, և ես կարծում եմ, որ այդ հորդորը շատ ճիշտ է եղել, և եթե դուք լսում եք Ֆինանսների նախարարության հաղորդումները, մենք արդեն ստվերից 25-30 միլիարդ դրամ ենք մուտքագրել պետական բյուջե»,– ասաց վարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում