«Լռության օր»՝ սեպտեմբերի 23-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություներից առաջ

Սեպտեմբերի 22-ը «լռության» օր է Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 379 համայնքներից 318-ում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական, իսկ Արմավիրի և Շիրակի մարզերի երկուական համայնքներում նոր ընտրություններին մասնակցող թեկնածուների համար:

Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը,  7 մարզերի հիշյալ 322 համայնքներից 261-ում, այդ թվում’ 16 քաղաքներում, կայանալիք համայնքների ղեկավարի ընտրություններում կքվեարկվեն ընդհանուր առմամբ 521, իսկ 272 համայնքների ավագանու անդամի ընտրություններում’ 2626 թեկնածուներ:

Քաղաքապետերի ընտրություններ են անցկացվելու Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան և Այրում, Վայոց Ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքային համայնքներում:

Քվեարկությունը կիրականացվի ժամը 8-ից 20-ը: ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները կամփոփվեն և կարձանագրվեն մինչև սեպտեմբերի 24-ի ժամը 14-ը: Արդյունքների վերջնական ամփոփումը կիրականացվի մինչև սեպտեմբերի 28-ը:

Ընտրությունների ընթացքին կհետևեն 15 տեղական հասարակական կազմակերպությունների և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համապատասխանաբար 1005 և 20 դիտորդներ:

Նշենք, որ համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ’ 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում