«Չեմ կարծում, որ յուրաքանչյուր հայտարարություն արժանի է մեկնաբանման». Վայոց Ձորի մարզպետը՝ Գ.Ծառուկյանի հայտարարությունների մասին

Ես չէի ցանկանա արձագանքել Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին: Եթե խորհրդարանում ներկայացված երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը նման ձևով է արտահայտվում, չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կերպ արձագանքեց Վայոց ձորի նորանշանակ ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով իր հասցեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ չորս ամիսների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է նորանշանակ մարզպետին՝ ասելով, որ նա ծիրանի ցոգոլ է: «Ձեր նորանշանակ մարզպետը այս 4 ամսվա ընթացքում լիարժեք ոնց եղել ա ջերմուկ վաճառող, ջերմուկ վաճառողի մակարդակից չի էլ փոխվելու»,- նշել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով այս խոսքերին՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ երեկ Եղեգնաձորում իր ելույթում ասել է, որ չի ցանկանում մեկնաբանություններ անել, «քանի որ տարբերում եմ քաղաքականությունը քաղաքակրթությունից»: Ըստ նրա՝ քաղաքական գործիչները հայտարարություններով շատ են հանդես գալիս, ուստի չի կարծում, որ յուրաքանչյուր հայտարարություն արժանի է մեկնաբանման և կարծիք հայտնելու: «Ավելին, կարծում եմ՝ կան տեղեր, որ ավելի լավ է լռել: Ես իմ հասցեին նման խոսքեր որևէ մեկից երբևէ չեմ լսել, ինքն է այդ մասին հայտարարել: Այս ամսվա ավարտին կլրանա իմ պաշտոնավարման երեք ամիսը, ես լծված եմ իմ աշխատանքին, փորձում եմ նոր իրավիճակին հարմարվել, իմ պարտականությունները կատարել: Իմ աշխատանքի բնույթից ելնելով՝ ակտիվ հասարակական շփումների մեջ եմ. ամեն տեղ բնակիչների համար նորմալ մթնոլորտ է, նորմալ աշխատանքային պայմաններ, ես հասարակական ընդվզման կամ դժգոհության դեռևս չեմ հանդիպել»,- պարզաբանեց Վայոց ձորի մարզպետը՝ շարունակելով, որ Գագիկ Ծառուկյանից պետք է հարցնել, թե ինչ նպատակ ունի նման հայտարարություններով հանդես գալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում