Նրանց ժպիտը յուրահատուկ այցեքարտ էր. Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին աշխատել է 451 կամավոր

Նրանց ժպիտը յուրահատուկ այցեքարտ էր. Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին աշխատել է 451 կամավոր

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերչական աշխատանքներին որպես կամավոր մասնակցելու համար 451 երիտասարդներ ստացան շնորհակալագրեր: Հայաստանի տարբեր բուհեր ներկայացնող կամավորները քրտնաջան աշխատել են բոլոր օտարերկյա հյուրերին պատշաճ դիմավորելու, նրանց հյուրանոցներ, գլոբալ ֆորումի անցկացման վայր, Էջմիածին, Ծիծեռանակաբերդ ուղեկցելու համար: Միջոցառումը բացօթյա էր` Բյուրականի գեղեցիկ բնության գրկում:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, հայտնելով շնորհակալական խոսքեր բոլոր կամավորներին, նշեց, որ այս միջոցառմամբ ոչ թե ազդարարվում է վերջը, այլ աշխատանքի շարունակականությունը:

«Բոլորիդ հայտնում եմ իմ խոնարհ շնորհակալությունը ձեր հասկացողության, նվիրումի, պատասխանատվության, հայրենասիրության, հայ լինելու ու այդ ամենը մեզ հետ կիսելու ու ապրելու համար: Դուք սկիզբը դրեցիք մի աշխատանքի, որն իր հ ետևից շարունակողներ է բերելու: Մենք բոլորս ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ոչ մի բան կորած չէ, երիցս համոզվեցինք, որ հաղթանակը մերն է լինելու, և մերը եղավ, մենք ճանապարհ դուրս եկանք արդեն հաղթանակած: Ապրիլի 25-ին արթնացանք հպարտ կեցվածքով, հպարտ, որ հասանք մեր ձգտումներին: Երկար ու ձիգ երեք ամիս, բոլորը մեկ մարդու նման պատրաստակամ աշխատեցին: Վստահ եմ, որ պատրաստ եք լինելու նոր գագաթներ նվաճել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վահագն Մելիքյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանի խոսքով էլ` կամավորներն իրենց կազմակերպվածությամբ, գիտակից ու ճիշտ մոտեցումով արտացոլեցին 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցող ողջ հանրության պատրաստվածությունը:

«Առաջին մեծ շնորհակալությունը մեր ժողովրդինն է, այդքան կազմակերպվածություն, զսպվածություն, միևնույն ժամանակ ինքնաբուխ ներկայություն ապահովելու համար: Ես շատ շուտվանից այդպիսի բան չէի տեսել: Ծիծեռնակաբերդում աշխատելիս, պետք է եղել գիշերը լինել այնտեղ, ու տեսել եմ, որ նույնիսկ գիշերվա ժամը երեքին, չորսին ինչպես էին ամբողջ ընտանիքներով գալիս ու ծաղիկներ դնում հուշարձանին»,-փաստեց Վիգեն Սարգսյանը:

Կամավորներին ուղղված խոսքում` Վիգեն Սարգսյանը նշեց, որ երիտասարդներն աչքի ընկան ոչ միայն մեծ պատրաստվածությամբ, նվիրումով, այլ իրենց ժպիտով, որն այդ օրերին յուրահատուկ այցեքարտ դարձավ` հիշվելով բոլոր հյուրերի կողմից:

«Մինչ միջոցառումների մեկնարկը մենք հանդիպեցինք ու պայմանավորվեցինք մի բան` կամ մենք այս գործն անում ենք փայլուն ու անթերի, կամ ընդհանրապես չենք անում: Ես ուզում եմ ասել, որ ձեր արածը, նվիրումը, հետևողականությունը մեր բոլորի ակնկալիքից վեր էր»,-նկատեց պաշտոնյան:

Արարողությանը ներկա էր նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով երիտասարդներին առաջարկեց իրենց փորձառությամբ աջակցել նաև Համահայկական խաղերի ժամանակ:

Ինչ վերաբերում է օրվա հերոսներին` կամավորներին, ապա նրանք մեծ պատիվ էին համարում լինել 100-րդ տարելիցի միջոցառումների մի մասնիկը:

Սրբադասման արարողությանը բարձրաստիճան հյուրերին Էջմիածնում դիմավորող և ուղեկցող Արփի Պարսամյանը, ով Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում է սովորում, հպարտ է, որ մասնակցել ու իր ներդրումն է ունեցել հայության համար կարևորագույն միջոցառումներին:

«Հիմա էլ շատ շնորհակալ եմ, որ եկել ենք այստեղ, շփվում ենք երեխաների հետ»,-ասաց նա:

Իսկ թե ինչ հետաքրքիր անձանց է հանդիպել կամավորական աշխատանքը կատարելիս, Արփի Պարսամյանը հայտնեց. «Իմ մասնագիտության հետ են առնչվում դեսպանները, որոնց հետ շփում երբեք չենք ունեցել, մենք հնարավորություն ունեցանք գոնե մոտիկից նրանց տեսնել»:

Ծնունդով արցախցի Աշոտ Մովսիսյանը, ով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետից է, ուղեկցել է նորվեգացի հյուրերին հյուրանոց ու հասցրել ընկերական կապեր ձևավորել: «Ես Նորվեգիայի Կրագերո քաղաքի քաղաքապետին եմ ուղեկցել, ևս երկու նորվեգացիների, նրանց հետ ունեցել եմ շատ ջերմ հարաբերություններ, մինչև հիմա շփում կա սոցիալական ցանցերի միջոցով: Կար պատասխանատվություն, որ մասնակցում ենք այդպիսի կարևոր միջացառման, դրանով մենք ինչ-որ չափով մեր պարտքն ենք հատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին: Ամեն հայորդու համար մեծ հպարտություն և ուրախություն էր նման համազգային միջոցառման մասնակցել»,-նշեց Աշոտը:

Մերի Աբրահամյանը, ով ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսեցի է, դիմավորել է գլոբալ ֆորումի մասնակիցներին «Զվարթնոց» օդանավակայանում` աշխատելով գիշեր-ցերեկ:

Մերիի խոսքով` կարևոր փորձառություն էր այն, որ պետք էր շատ արագ լուծումներ գտնել հյուրերի տարատեսակ հարցերին: Աղջկա խոսքով` կամավորական աշխատանք կատարելիս հանդիպել է Reddit սոցիալական ցանցի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանին, ում հետ հանդիպումից մեկ ամիս առաջ հարցազրույցի համար պայմանավորվել էր սոցիալական ցանցերից մեկով:

«Սպասում ենք մեր հյուրերին, մեկ էլ տեսնեմ Ալեքսիս Օհանյանին, նորից կարողացա նրա հետ խոսել, ինքն էլ ուրախ էր, որ հանդիպեցինք»,-ասաց Մերի Աբրահամյանը:

Ապագա լրագրողը նաև անկեղծացավ ու նշեց, որ 4 օր շարունակ ավելի խորն ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության պատմությունը, որ հյուրերի ցանկացած հարցին ունենա պատասխան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում