ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ. Մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում մուրացկանության համար ու նրանց հատուկ դեղ սրսկում, որ քնեն. Նաիրա Զոհրաբյան
Նմանատիպ
tert.am-ը գրում է, որ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան կատարողականի հաշվետվության ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը սկանդալային հայտարարություն արեց, թե մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում և օգտագործում մուրացկանության համար։
Նա նշեց, թե բազմիցս է մուրացկանությամբ զբաղվող երեխաներից հետաքրքրվել, թե արդյո՞ք նրանք կապ ունեն այն կանանց հետ, ում հետ մուրացկանություն են անում, և պատասխանը միշտ բացասական է եղել։
Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ հայտնեց, թե իրենք ունենք տեղեկատվություն, որ տարբեր երեխաների օրավճարով, հանցավոր համաձայնության գալով, տանում են մուրացկանության:
«Միգուցե ոչ տնօրենի, այլ՝ ավելի ցածր օղակների հետ են հանցավոր համաձայնության գալիս, երեխային վերցնում են և օրվա վերջում հանձնում։ Ես քանիցս, երբ տեսել եմ երեխային մոր հետ, հարցրել եմ երեխային, թե արդյո՞ք այդ կինը նրա մայրիկն է, իսկ պատասխանը միշտ նույնն է եղել՝ ոչ։ Այս պատկերը համատարած է նաև Աբովյան փողոցում, երբ ես հարց եմ տալիս, արագ հեռացնում են երեխային՝ ասելով, որ մեր օգնությունը նրանց պետք չէ»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, թե հարցով հետաքրքրվել է և պարզել, որ այս մեթոդը տարածված է նաև եվրոպական տարբեր երկրներում. գնչուները և այլոք ծայրամասի մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում։ Թե ինչու պատգամավորը այս հարցով Դատախազություն չի դիմել, Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե չի դիմել, որովհետև պետք է ներկայացներ հստակ փաստեր։ Իսկ այս պահին դեռևս չունի փաստեր և միայն չի կարող ասել, որ երեխայի հետ է խոսել, և երեխան ասել է` ծնողի հետ կապ չունի:
Միաժամանակ ԲՀԿ պատգամավորի համար զարմանալի էր, որ այս հարցը բարձրացնելուց հետո ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էր զարմացել, քանի որ, ըստ նրա, այս խնդիրը բազմիցս քննարկված և շահարկված է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում