Ի՞նչ է կառուցվում Վ. Մամիկոնյանի արձանի մոտ. արդյո՞ք իսկապես անհանգստանալու կարիք կա

Այսօր «Իրական Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, ըստ որի Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց երկհարկանի կրպակ են կառուցում: Բանվորները հրաժարվում են մեկնաբանություններ տալուց: Նյութին կցված է նաեւ Ելենա Խաչվանքյանի արած լուսանկարը, որը կարծես թե հաստատում է նշված տեղեկատվությունը: Իրադարձությունն իսկապես տարօրինակ ու զայրացուցիչ կլիներ, եթե չլիներ մեկ այլ տեղեկատվություն, որի մասին խոսվել էր մի քանի օր առաջ եւ մոռացվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր PanARMENIAN.net-ը, սեպտեմբերի 26-28-ը Երևանում Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում առաջին անգամ անցկացվելու է «Երկրները’ մեկ հարկի տակ» փառատոնը:

Այդ մասին սեպտեմբերի 10-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր փառատոնի կազմակերպիչ GMG Մեդիա գրուպի հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանը:

Ցուցահանդեսում ներկայացվելու են 18 պետությունների (Իտալիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Արգենտինա և այլն) ապրանքներ: Այն ունենալու է արդյունաբերության, տնտեսական և մշակութային ուղղվածություն:

Փառատոնի նպատակն է աջակցել Սիրիայի հայերին: Տարածքում կդրվեն արկղեր, որտեղ կարելի է հանգանակել ցանկացած գումար, որը կտրամադրվի Հայաստանում ապրող սիրիահայ ընտանիքներին: Այդ կապակցությամբ ստեղծվել է ցուցակ, ըստ որի և կլինի հանգանակության բաշխումը:

Կարելի է ենթադրել, որ կառույցը հենց երկօրյա փառատոնի համար է: 

Փառատոնը կփակվի սեպտեմբերի 28-ին: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում