ՏԻՄ ընտրություններն այնքան էլ խաղաղ չեն անցել. Ոստիկանություն բերման է ենթարկվել Վայոց Ձորի նախկին մարզպետը
Նմանատիպ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Արտաբույնք գյուղի բնակիչ, 52-ամյա Ծառուկ Թադևոսյանը և հայտնել, որ գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ, 52-ամյա Արմեն Սետրակյանը, իր համախոհներ՝ Երևանի Աճեմյան փողոց 1-ին նրբանցքի բնակիչ, ԲՀԿ անդամ, Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը և նրա որդին՝ Երևանի Պարոնյան փողոցի 1-ին շենքի բնակիչ, 17-ամյա Շանթ Բագրատյանը, երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, երբ տեսնում են, որ ձայներն ի օգուտ իրենց թեկնածուի չի, ներխուժում են նշված գյուղի առաջին հարկում տեղակայված ընտրատեղամաս, վերցնում են քվեաթերթիկների մի մեծ մաս և փորձում են հեռանալ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտրատեղամասում քվեարկություն կատարող Ոստիկանության Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ, Ոստիկանության կապիտան, 33-ամյա Արմեն Բակունցը փորձում է կանխել Բագրատյանի և նրա «թայֆայի» անօրինակական գործողությունները: Այդ ժամանակ Շ. Բագրատյանը հրում և վայր է գցում Ա. Բակունցին, ինչի հետևանքով ցրիվ է գալիս դուրս բերված քվեաթերթիկները: Այդ ամենից հետո նախկին մարզպետ Ս. Բագրատյանը, վիրավորանքներ և հայհոյանքներ տալով, գլխով հարվածում է Ա. Բակունցի դեմքին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հարվածի արդյունքում տուժողը շրթունքի մասում վնասվածք է ստացել: Արդեն լուսաբացին Ա. Սետրակյանը և Ս. Բագրատյանը բերման են ենթարկվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Ձեռնարկվում է օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ՝ Շ. Բագրատյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում