«168 ժամ». Վարչապետ Տիգրան Սարգսյանի բլոգը եթե չի մահացել, ապա կոմայի մեջ է
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամենաքննարկվող նախաձեռնություններից մեկը սեփական բլոգը գործարկելն էր: 2010թ. հունվարի 14-ից http//:tigгansaгgsyan.livejournal.com հասցեում սկսեց գործել վարչապետի «կենդանի մատյանը»: Բլոգը ֆիզիկապես դեռ գործում է, սակայն հաշվի առնելով այնտեղ տիրող կատարյալ ամայությունը, կարելի է ասել’ եթե չի մահացել, ապա կոմայի մեջ է:
Փոխարենը’ գործում է Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջը: livejournal-ի համեմատ’ այն որոշ չափով ակտիվ է: էջն ունի 13589 «հավանող»: Նյութը գրելու պահին Տիգրան Սարգսյանի ամենաթարմ գրառումը եղել էր երեկ’ ժամը 15:00-ի սահմաններում: Վարչապետը զետեղել էր իր ելույթն Ազգային ժողովում’ 2011 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ:
«168 ժամը» նշում է, որ Տիգրան Սարգսյանն այստեղ մեծ մասամբ ոչ թե գրառումներ է կատարում, այլ տեղադրում ինւոերնետային հղումներ’ հիմնականում կառավարության gov.am կայքից: Սակայն էջի այցելուների գրառումները, որպես կանոն, մնում են անպատասխան: Օրինակ’ օգտատերերից մեկը հարց է ուղղել «Նաիրիտ» գործարանի ճակատագրի մասին, մեկ ուրիշը խնդրել է պարզաբանել «Եկամտային հարկի մասին» օրենքը, երրորդն առաջարկել է փոքրացնել ԱՊՊԱ և տեխզննման կտրոնների չափսերը, քանի որ դրանք սահմանափակում են վարորդի տեսադաշտը: Այս և նման տիպի այլ գրառումներին պատասխան չի տրվել: Եվս մեկ հետաքրքիր դիտարկում. Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքում խիստ լակոնիկ է ոչ միայն պատասխաններում, այլ’ սեփական գրառումներում: Օրինակ’ շնորհավորելով ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականին’ օլիմպիական չեմպոն դառնալու կապակցությամբ, վարչապետն ընդամենը գրել է. «Կեցցեն մեր շախմատիստները»: Իսկ անկախության 21-րդ հոբելյանի կապակցությամբ սահմանափակվել է հետևյալ գրառմամբ’ «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի’ Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ»: «Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ սա Տիգրան Սարգսյանի ոճին նման չէ: Իր «ֆեյսբուքյան պերճախոսությամբ» վարչապետն այսօր զիջում է պաշտոնով իրենից մի քանի աստիճան ցածր կանգնած պետական պաշտոնյաներին, ովքեր նմանատիպ առիթների ժամանակ իսկական մրցության մեջ են մտնում’ գեղեցիկ և մեկը մյուսից ճոխ ելույթներ գրելու առումով:
Այս ամենից կարելի է անել երկու եզրակացություն: Առաջին’ Տիգրան Սարգսյանը սկսել է նախապատվությունը տալ կարճ խոսքին: Եվ երկրորդ’ Տիգրան Սարգսյանին ինտերնետը ձանձրացրել է: Կարծում ենք’ երկու դեպքում էլ դրանից շահում է պետությունը’ ռեսուրսների արդյունավետ օգտագործման իմաստով: Եթե, իհարկե, երրորդ պատճառ չկա»,- եզրափակում է թերթը: