Նախարարի կինը դատի է տվել «Հրապարակ»-ին՝ առանց գումարային պահանջի, hzham.am-ի հոդվածագրի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվելու (տեսանյութ)
Նմանատիպ
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզան Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի` պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը տեղեկացրեց, որ օրաթերթին գումարային պահանջ չի ներկայացվել: Այնուհետ ցույց տալով համապատասխան հոդվածների պատճեները, Մեժլումյանը մանրամասնեց, որ «Հրապարակ» օրաթերթում և նույնանուն կայքում տպագրվել է «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդված, որում անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջն ու տեղեկություն տարածվել այն մասին, թե իբր նա տարիներ առաջ վարել է իր մտերիմ ընկերոջ մեքենան և դարձել վերջինիս մահվան պատճառ: Հավելենք, որ Սեյրան Օհանյանի կնոջը վարկաբեկող հոդվածների շարք սկսել էր տպագրել hzham.am կայքը:
«Այդ հրապարակումներից հետո Ռուզան Խաչատրյանը դիմել է ինձ, միասին պատրաստել ենք պատասխան, որն ուղարկել ենք «Հրապարակ» թերթի և հոդվածագրի էլեկտրոնային հասցեներին։ Պատասխանն ուղարկվել է մայիսի 23-ին ժամը 13:18-ին, որից 1 ժամ 15 րոպե անց երկրորդ նյութը հրապարակվեց` «Հանրությունն ուզում է իմանալ 2» վերնագրով, որտեղ արդեն հղում կար hzham.am կայքին, որտեղից էլ վերցվել էր նյութի հիմնական բովանդակությունը»,-ասաց նա:
Փաստաբանը երկրորդ նյութը դիտարկեց որպես հերքում տպագրելու մերժում՝ միաժամանակ ակնարկելով, որ հղումը նույնիսկ հարցը չի փակում, քանի որ գործ ունենք զրպարտության տարածման հետ: Ըստ փաստաբանի՝ լրագրողը պարտավոր էր նման տեղեկություն տարածելուց առաջ կապ հաստատել Ռուզան Խաչատրյանի հետ և ճշտել դրա իսկությունը: Մինչդեռ նրանք անգամ իրենց պատասխանն ու հերքումը մինչ օրս չեն տպագրել, որի վերջնաժամկետը մայիսի 30-նն է:
«Եթե մինչև մայիսի 30-ը պատասխանն ու հերքումը հրապարակվեն, կքննարկենք հայցից հրաժարվելու հարցը: Գումարային պահանջ չենք ներկայացնում, որովհետև չենք ցանկանում մամուլին նեղել ֆինանսապես, բայց եթե այդ լրատվամիջոցը հարկ չհամարի պատշաճ ժամկետներում կատարել մեր պահանջները, գուցեև քննարկենք նաև գումարային պահանջ ներկայացնելու հարցը»,- ասաց Մեժլումյանը, ով մինչ այժմ որպես փաստաբան մամուլի իրավունքների պաշտպանության դիրքից է հանդես եկել և սա առաջին գործն է, որն ընդդեմ մամուլի է, թեպետ պնդում է՝ ինքը մնում է մամուլի իրավունքների պաշտպանը:
Ասուլիսին ներկա «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը վստահեցրեց, որ թերթում երկրորդ նյութը տպագրվել է մինչև հերքում ստանալը, ավելին ՝ նյութը գրել է երկկողմանի՝ ընդգրկելով Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը:
Ինչ վերաբերում է hzham.am-ին, ապա այս դեպքում հայցը պատրաստ է, բայց կա խնդիր՝ կայքը հասցե չունի, հայտնի չէ, թե ում է պատկանում, որը պետք է նշվի հայցադիմումում: Ըստ այդմ՝ փաստաբանը դիմելու է իրավապահ մարմիններին հետախուզում իրականացնելու առաջարկով:
Հիշեցնենք, որ hzham.am կայքի նյութում հիշատակված անձը Գաջի գործարանի նախկին սեփականատեր, գործարար Հովիկ Հայրապետյանն է, որը մահացել էր 2002 թվականին վթարի հետևանքով:
Փաստաբան Մեժլումյանը փոխանցեց, որ նրա հարազատները կայքի հրապարակումների առնչությամբ հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Որոշ համացանցային լրատվամիջոցներ ստահոդ և կեղծ տեղեկություն են սպրդում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ: Այդ կեղծիքները հատկապես տարածվում են www.hzham.am կայքում, որը սահմանազանցելով բարոյականության բոլոր նորմերը, փորձում է մեր ընտանիքի հանգուցյալ հոր՝ Հովիկ Հայրապետյանի ողբերգական մահը կապել Ռուզաննա Խաչատրյանի անվան հետ, այն դեպքում, երբ նա որևէ առնչություն չունի այդ դեպքի հետ:
Դատապարտում ենք մեր հոր լուսանկարը և անունը ապատեղեկատվություն տարածելու նպատակով օգտագործող լրատվամիջոցին և պահանջում ենք, որպեսզի անհապաղ հերքում տրվի հրապարակված բոլոր նյութերը և լուսանկարները հեռացվեն տվյալ կայքից և հրապարակայնորեն ներողություն խնդրի մեր ընտանիքից»:
Փաստաբանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրողի բանավեճի մանրամասները Ա1+-ի տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում