Վաղը Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է. Կկազմակերպվի երթ դեպի Եռաբլուր

Սեպտեմբերի 26-ին` Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը, ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երթ է կազմակերպելու դեպի Եռաբլուր ի հիշատակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի:

Երթը մեկնարկելու է 12:30-ին Եռաբլուրի ներքեւի հատվածից, եւ մասնակիցները շարժվելու են դեպի Եռաբլուրի եկեղեցի, որտեղից էլ այցելելու են Գուրգեն Մարգարյանի շիրիմին: Նախատեսվող միջոցառման ժամանակ, որը սկսվելու է ժամը 13:00-ին, հնչելու են ելույթներ:

Կազմակերպիչներից է «Գուրգեն Մարգարյան» հկ-ն:

Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանը սպանվել է 2004 թվականին Բուդապեշտում՝ ադրբեջանից ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ձեռքերով, ով քնած ժամանակ կացնահարել է հայ սպային: Նրանք երկուսն էլ Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող անգլերեն լեզվի դասընթացներին:

Հունգարիայի դատարանը մարդասպանին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: Սակայն 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները խայտառակ գործարքի հետևանքով ադրբեջանցի մարդասպանին արտահանձնեցին իր հայրենիք, որտեղ էլ վերջինս հերոսացվեց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց ոճրագործին, նրան նաև շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով և նոր անձնագրով:

Հունգարա-ադրբեջանական այս գործարքը, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից մարդասպանին հերոսացնելու փաստը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հայությամ շրջանում: Իրողությունը դատապարտեցին նաև մի շարք պետություններ և միջազգային կազմակերպություններ: Ողջ աշխարհով մեկ սփյուռքահայությունը բողոքի ցույցեր էր իրականացնում՝ կոչ անելով միջազգային հանրությանը Ադրբեջանից արդարացի պատիժ պահանջել մարդասպանի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում