«Հրապարակ». Բանտարկյալները դրամ են շորթել գյուղապետերից
Նմանատիպ
Վերջին շրջանում խարդախության դեպքեր են տեղի ունեցել մի քանի մարզերում: Խաբեությամբ գումարներ են շորթել տարբեր գյուղապետերից’ հավաստիացնելով, թե մարզպետի տեղակալն է ուղարկել նշված գումարի ետեւից: Սակայն ուշագրավն այն է, որ այս դրամաշորթությունը ծրագրվել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, մի քանի բանտարկյալի սցենարով, սակայն իրագործվել է նրանցից մեկի կնոջ ձեռքով:
Ըստ ծրագրի, տարբեր մարզերի գյուղապետարաններին է մոտեցել մի տաքսի մեքենա և գյուղապետին ասել, որ իրեն ուղարկել է տվյալ մարզի փոխմարզպետը, ում պետք է փոխանցվի որոշակի գումար: Եվ որպեսզի տաքսու վարորդի ասածներն արժանահավատ լինեն, նա, ինչ-որ մեկի հետ կապվելով, հեռախոսը փոխանցել է գյուղապետին’ հավաստիացնելով, թե փոխմարզպետն է, վերջինս էլ, փոխմարզպետ ներկայանալով, տեղեկացրել է, որ գյուղապետն այդ վարորդի միջոցով պետք է մարզպետարան փոխանցի երկու-երեք հարյուր հազար դրամ: Բնականաբար, գյուղապետերը կատարել են պահանջը’ առանց կասկածելու, որ լսափողի մյուս կողմում փոխմարզպետը չէ, այլ սովորական խարդախ: Հատկանշականն այն է, որ տաքսու վարորդը ևս չի իմացել, որ խարդախության մեջ է ներքաշվել, քանի որ, ըստ սցենարի, զանգում են տվյալ գյուղի որևէ տաքսու վարորդի, խնդրում, որ գյուղապետարանից իրենց հասցեով բերի մի փաթեթ, որի համար կվճարվի, իսկ գյուղապետարան հասնելուն պես իրենց զանգահարի, ապա հեռախոսը փոխանցի գյուղապետին, որ իրենք բացատրեն, թե ինչ է հարկավոր անել: Եվ այսպես, վարորդն ընդամենը մի թեթև իմացել է, որ չինովնիկների միջև գումար փոխանցելու միջնորդ է և ոչ ավելին: Եվ այս մոդելով տարբեր տաքսիստների դիմել են այս «խնդրանքով»: Սակայն օրեր անց որոշ գյուղապետեր, համոզվելով, որ մարզպետարանից նման առաջարկով ոչ մեկին չեն ուղարկել գյուղ, և իրենք խաբեության զոհ են դարձել, դիմել են իրավապահներին: Երեկ «Հրապարակը» տեղեկացել է, որ խարդախության կծիկը բացվում է, առայժմ հայտնի է, որ այն իրագործվել է Լոռու, Արագածոտնի և Արարատի մարզերում: Ինչպես նաև պարզվել է, որ այս խարդախությունը միաժամանակ իրականացնում են ճաղերի ետևում պատիժը կրող մի խումբ հանցագործներ: