«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումից առաջ այնտեղ փրկարարական պեղումներ կանցկացվեն
Նմանատիպ
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի երկայնքով փրկարարական պեղումներ կանցկացվեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը: Նրա խոսքերով՝ նման աշխատանքներ իրականացնելու համար պետք է գործի դրվի հնագիտական ամբողջ պոտենցիալը:
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքով’ Երեւան-Գյումրի մայրուղին ժամանակին անցել է պատմամշակութային հուշարձանների վրայով կամ հարեւանությամբ եւ հիմա, երբ այդ ճանապարհը պետք է բարեկարգեն եւ լայնացնեն, առաջացել է հուշարձանները վնասելու վտանգ:
«Այդ ճանապարհահատվածի հարեւանությամբ կա շուրջ 28 պատմամշակութային հուշարձան, որոնցից են Ագարակի պատմամշակութային արգելոցը, Կոշի, Արուճի միջնադարյան բնակատեղիները եւ այլն»,-ասաց նա:
Պավել Ավետիսյանը նշեց, որ փրկարարական պեղումների արդյունքում կբացվեն, կֆիքսվեն հուշարձանները, եւ եթե դրա պահպանումն այնքան էլ կարեւոր չլինի, ապա թույլ կտրվի ճանապարհի այդ հատվածներում եւս շինարարություն իրականացնել: Եթե պեղելուց հետո պարզվի, որ այդ հատվածում այնպիսի հուշարձաններն են, որոնք պարտադիր պետք է պահպանվեն, ապա, ամենայն հավանականությամբ, ծրագիր կմշակվի, որպեսզի այդ հուշարձանը տեղափոխվի եւ մեկ այլ տեղում հավաքվի:
«Ճանապարհը բացարձակ անհրաժեշտություն է, եւ այն պետք է կառուցվի: Հիմա մենք բանակցում ենք, գուցե հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին արդեն սկսենք պեղումները, իսկ եթե ինչ-ինչ խնդիրների պատճառով պեղումները հետաձգվեն, ապա դրանք կիրականացվեն 2013 թվականի գարնանը»,-ասաց Ավետիսյանը:
Հնագետի խոսքով’ ճանապարհի կառուցման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, կտեղաշարժվեն նաեւ ճանապարհների եզրերին կանգնեցված մահարձանները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում