«Արմավիա»-ի վաճառքի մասին լուրերը հաստատվել են

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մտադրություն ունի վաճառել ընկերությունը: Այս տեղեկատվությունը մի շարք հայկական լրատվամիջոցների համար հաստատել են ավիաընկերության մամլո ծառայությունից:

«Այո, նման մտադրություն կա, և դեռ վերջնական որոշում չկա՝ դրանք կլինեն իտալացինե՞րը, թե ուրիշները»,-Tert.am–ին հայտնեց «Արմավիա»-ի մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան:

«Հայտնի է, որ ողջ համաշխարհային ավիացիան երեք տարուց ավելի է՝ գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, և գրեթե բոլոր ավիաընկերությունները աշխատում են վնասով: Այդ իսկ պատճառով, պատճառներից մեկն այն է, որ «Արմավիան» շահութաբեր չէ»,– ասել է նա:

Իսկ Panorama.am-ի այն հարցին, թե ինչ բաժնեմասի մասին է խոսքը, Նանա Ավետիսովան չի հստակեցրել՝ ասելով, որ որևէ ընկերության անուն առայժմ չի կարող հրապարակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում