Այսօր տեղի կունենա սեմինար՝ «Արյան գերճնշման վերահսկումը՝ հանրային առողջապահական գերխնդիր Հայաստանում» խորագրով

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18:30–19:30-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀԱՀ-ի համատեղ ջանքերով տեղի կունենա «Արյան գերճնշման (հիպերտոնիայի) վերահսկումը՝ հանրային առողջապահական գերխնդիր Հայաստանում» խորագրով սեմինար:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ զեկուցողը կլինի համաշխարհային ճանաչում ունեցող սրտաբան և Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ և Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի պատվավոր դեկան դոկտոր Արամ Չոբանյանը:

Սեմինարի նպատակն է հանրությանը ծանոթացնել սրտաբանության ոլորտում նշված հիվանդության կանխարգելման և բուժման միջազգային լավագույն փորձը և քննարկել դրա կիրառման հնարավորությունները Հայաստանում:

Նշենք, որ քաղցկեղը և սրտային հիվանդությունները մեր բնակչության առողջությանը սպառնացող այն երկու հիմնական վտանգներն են, որոնց արդյունավետ կանխարգելումը և բուժումը դարձել են կենսականորեն կարևոր պայման:

Այս հանգամանքով է պայմանավորված սրտաբանության և ուռուցքաբանության ոլորտներում պետական և մասնավոր հատվածների համագործակցության անհրաժեշտությունը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագիրը միտված է տվյալ առաքելության իրագործմանը և նպատակ ունի Հայաստանում ստեղծել միջուկային բժշկության կենտրոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում