«Չորրորդ ինքնիշխանություն». Հայոց օրենսդիրները որոշել են «խառնվել» Վրաստանի խորհրդարանական ընտրություններին
Նմանատիպ
ՀՀ ՏԻՄ ընտրություններում իրենց առաքելությունը արդեն ավարտած համարելուց հետո հայոց օրենսդիրները հիմա էլ լավ հարևանի դիրքերից որոշել են «խառնվել» Վրաստանի ներքին քաղաքական գործերին’ հատկապես հոկտեմբերին տեդի ունեցող խորհրդարանական ընտրություններին: Բացի այն, որ վրացական իշխանությունների հետ «լեզու գտած» պետական չինովնիկները հնարավոր բոլոր օղակներով փորձում են ամենավերջին շանսն ու միջոցը օգտագործել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում լավագույնս ղրսևորվելու, մյուս կողմից էլ’ այդ գործին փորձում է մասնակցել հայկական օլիգարխիայի ու խորհրդարանի ներկայացուցիչների մի մասը: «ՉԻ» տեղեկություններով, մոտ օրերս ՀՀ-ից դեռևս ոչ պաշտոնական մակարդակով բավականին հետաքրքիր «դելեգացիա» է պատրաստվում մեկնել Վրաստան, որոնց մեջ լինելու են տեղական հայտնի գործարարներն ու մեր տաղանդաշատ պատգամավորները, որոնց կապերը Վրաստանի ու վրացական իշխանությունների հետ շատ ավելի հեռուն են գնում, քան կարող ենք պատկերացնել: «ՉԻ»-ն նշում է, որ Վրաստան ժամանողների թվում են լինելու ծնունդով ջավախքցի Վարդան Այվազյանը, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վալոդյա Բադալյանը’ խնամի Վալոդը, նորաթուխ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը, իրավապահ համակարգում ընդգծված նախկին ու ներկա այլ դեմքեր, նախկին պատգամավոր, գործարար Արմեն Պուրտոյանը, ով Վրաստանում շատ լավ ընկերներ ունի, և ամենակարևորը’ ծնունդով ապարանցի, բնակության հասցեով երևանցի Լյովա Խաչատրյանը, ում հաճախ կարելի է հանդիպել Վրաստանի քաղաքներում:
Այս խմբից առանձին հատուկ առաքելությամբ Վրաստան են պատրաստվում մեկնել նաև պետական չինովնիկներից մի քանիսը, որոնց ծաղկաբույլի մեջ անպակաս են լինելու ՀՀ մարգպետաց մարզպետներն ու գործադիրում քիչ հայտնի պաշտոնյաները, որոնք նույնպես հետաքրքրված են Վրաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով:
Թերթը հավելում է, որ Վրաստան ժամանող հայկական շքախմբին է միանալու նաև Ջավախքի ծնունդ, մոսկվաբնակ գործարար Նորայր Թևանյանը, որի ունեցած կապերը վրացական իշխանությունների հետ, հայտնի են բոլորին: Իսկ որ ջավախքահայության շրջանում թիվ մեկ թելադրողը նույն Նորայր Թևանյանն է’ այդ մասին երևի թե չարժե այլ մանրամասներ հիշատակել: