Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի վրա հնարավոր է իրականացվեն չեխական ներդրումային ծրագրեր
Նմանատիպ
Սեպտեմբերի 24-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Պավել Դոբեշի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Քննարկվեցին տրանսպորտի բնագավառում հայ-չեխական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Սեյրանյանը նշեց, որ առ այսօր կողմերի միջև ոլորտին առնչվող միայն մեկ միջազգային փաստաթուղթ է ստորագրվել՝ օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը, որին ի պատասխան պարոն Դոբեշը պատրաստակամություն հայտնեց քննարկումներ սկսելու տրանսպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի նախագծի շուրջ:
Այնուհետև, քննարկվեցին ոլորտում, հատկապես’ ճանապարհաշինության հատվածում չեխական ներդրումային կամ վարկավորման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, մասնավորապես, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի հաջորդ փուլերի վարկավորման ծրագրերի վերաբերյալ:
ՀՀ դեսպանը չեխ նախարարի աջակցությունը խնդրեց նաև Պրահայի «Բուբեն» երկաթուղային կայարանի պատմական շենքի մի մասում «Չարիքի հնեաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնին տարածք հատկացնելու հարցում («Չարիքի հնեաբանություն» կենտրոնը Հոլոքոստի ուսումնասիրման հետ զուգահեռ ակտիվորեն զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրման և միջազգային ճանաչման խնդիրներով), ինչին նախարարը արձագանքեց դրականորեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում