«Առավոտ». «Մարտի 1-ը» խարան է ոչ միայն նախագահների, իշխանության, իրավապահների, այլև պետության և ժողովրդի վրա. խմբագրական
Նմանատիպ
Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրել է. «ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ առաջարկել է կրկին ստեղծել «մարտի 1-ի» դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողով: Պարզ է, որ այդ առաջարկը միանշանակ չի ընդունվելու խորհրդարանում, բայց ինձ թվում է, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է և տեղին: Իհարկե, տվյալ պատգամավորի կերպարն էլ միանշանակ չի ընկալվում: Ինչ խոսք, նա Չայկովսկու հայտնի բալետի սպիտակ կարապներից մեկը չէ: Բայց, մյուս կողմից, ինչ-որ արտառոց հրեշ էլ չէ’ շարքային հայկական [հետխորհրդային] դատախազ’ կոռուպցիայի և սադիզմի «սովորական» չափաբաժնով: Տա Աստված, գա այն ժամանակը, երբ կքննվեն նախկին զինդատախազի ենթադրյալ հանցագործությունները’ դա կլինի այն ժամանակ, երբ նրա հետ աշխատած դատախազներն ու քննիչները այլևս չեն զբաղեցնի իրենց պաշտոնները: Բայց դա պակաս արդիական խնդիր է, քան «մարտի 1-ի» սպանդի քննությունը:
Գրեթե ամեն օր (օրինակ’ երկու օր առաջ Մադրիդում) տեղի են ունենում ընդհարումներ ցուցարարների ու ոստիկանության միջև, և վերջիններս ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, հաճախ լինում են նաև վիրավորներ: Բայց այդ ընդհարումների ժամանակ, որպես օրենք, ոչ ոք չի մահանում: Պատճառը պարզ է. ոստիկաններին հրաման չի տրվում կրակել մարդկանց վրա մարտական փամփուշտներով և «Չերյոմուխա» տիպի զենքով: «Մարտի 1-ի» դեպքում ո՞վ է նման որոշում ընդունել’ այդ հարցի պատասխանը չեն տվել ոչ հետաքննության մարմինը, ոչ էլ Նիկոյանի հանձնաժողովը:
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ գործով պետք է զբաղվի քաղաքական մարմինը’ Ազգային ժոդովը: Որովհետև «մարտի 1» ասելով, կարծում եմ, պետք է հասկանալ ոչ միայն 10 հոգու սպանությունը, այլև այն, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ և դրանից հետո: Օրինակ’ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը համալսարանի ուսանողների առաջ, երբ նա ասում էր, որ ցույցերի կազմակերպիչները եթե այդպես շարունակեն, պետք է նստեն: Որքան հասկանում եմ, երկրի ղեկավարը չպիտի որոշի կամ նախօրոք հայտարարի, թե ով պիտի ազատազրկվի’ դա արվում է միայն դատարանի վճռով: Ճիշտ այդպես նա չպիտի իր մոտ հավաքի Սահմանադրական դատարանի անդամներին և հրահանգի, թե ինչպիսի որոշում նրանք պետք է ընդունեն: Դրանով է տարբերվում բռնապետությունը օրինական երկրից: Հավանաբար, խորհրդարանական հանձնաժողովը պետք է անդրադառնա նաև այն փաստին, որ մարտի 1-ից 20-ը լրատվամիջոցների գրաքննություն էր գործում’ ԶԼՄ-ները պարտադրված էին հայտնել միայն պաշտոնական տեսակետ, իսկ դա նշանակում էր բոլոր նորմալ լրատվամիջոցների փակում: Իհարկե, օբյեկտիվ քննությունը պետք է հաշվի առնի նաև մարտի 1-ից առաջ որոշ ընդդիմադիրների սադրիչ հայտարարությունները: Բոլոր դեպքերում «մարտի 1-ը» խարան է ոչ միայն նախագահների, իշխանության, իրավապահների, այլև պետության և ժողովրդի վրա: Որքան շուտ մենք ազատվենք այդ խարանից, այնքան լավ»: