«Վանքից ես եմ գալիս, աղոթքից դո՞ւք եք խոսում». Շարմազանովը Բիշարյանին վստահեցրեց՝ Ալավերդիում «մաքուր» ընտրություններ էին (տեսանյութ)
Նմանատիպ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են առանց խախտումների: Ազգային ժողովում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն անդրադառնալով ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Բիշարյանի դիտարկմանը, թե Ալավերդիում մարդիկ քվեարկել են պլաստիկ քարտերով, իսկ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողներից 3000-ով ավելի մարդ, Շարմազանովը վստահեցրեց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատախսանում:
«Ես ինքս Ալավերդիի բնակիչ եմ և այդ օրը մասնակցել եմ ընտրություններին: Վստահեցնում եմ՝ Ալավերդիում որևէ մեկը պլաստիկ քարտով չի քվեարկել, քվեարկությունը եղել է անձնագրերով: Ես՝ Էդուարդ Շարմազանովս, քվեարկել եմ իմ անձնագրով, ինչպես բոլոր ալավերդցիները»,- հայտարարեց Շարմազանովը՝ հավելելով, որ Ալավերդիում ընտրություններին մասնակցել է 8789 ընտրող. «Քաղաքապետի նախորդ ընտրություններին մասնակցել է 9300 ընտրող, համապետական ընտրություններին մասնակցել է 8800 ընտրող»:
«Ալավերդիում երկու թեկնածուների գրասենյակները, լրագրողները և վստահված անձինք խախտում չեն արձանագրել, կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոք չի եղել: Ես խնդրում եմ, հասարակությանը թյուրիմացության մեջ մի գցեք»,- շարունակեց Շարմազանովը և դիմելով Հեղինե Բիշարյանին խոստացավ, թե պատրաստ է հրապարակավ ներողություն խնդրել, եթե ՕԵԿ տարածքային կառույցից կասեն, որ Ալավերդիում քաղաքապետի ընտրություններն անցել են խախտումներով:
«Վանքից ես եմ գալիս, աղոթքից դո՞ւք եք խոսում»,-ամփոփեց ԱԺ փոխխոսնակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում