Գ. Ծառուկյանի ձեռնարկություններում հարկային ստուգումները չեն ավարտվել. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Գ. Ծառուկյանի ձեռնարկություններում հարկային ստուգումները չեն ավարտվել. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Կառավարությունը դեռևս չի ավարտել հարկային ստուգումները Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում և արդյունքների մասին կհայտնի միայն գործընթացի ավարտից հետո: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ասվել էր հունիսի սկզբին արդյունքները կհրապարակվեն:

«Ես ասել էի, որ մենք հունիսի սկզբին կավարտենք ստուգումները և կհայտնենք արդյունքների մասին: Սակայն, ժամանակի խնդիր կա և դեռևս մի քանի օր գործընթացը կձգձգվի: Բայց դա իրավիճակը չի փոխում. երբ կավարտենք ստուգումները, հանրությունն այդ մասին կտեղեկացվի»,- ընդգծեց վարչապետը:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը հայտարարել էր, թե «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար չարիք է», ինչին ի պատասխան Ծառուկյանը կոչ էր արել «ազատվել չարիքի իշխանությունից»:

Հովիկ Աբրահամյանը հակադարձեց՝ այս  մեջբերումները պիտի թողնենք և տնտեսության զարգացմամբ  զբաղվենք: Այս համատեքստում  վարչապետը  հայտնեց, որ այս տարվա հունիսի վերջին կառավարությունը նախատեսում է տնտեսական ֆորում հրավիրել, որին կմասնակցեն տնտեսագետներ, ֆինանսիստներ, գործարարներ: Կքննարկվեն բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առջև և որոնց լուծումը երկիրը տնտեսական բարդ իրավիճակից դուրս կբերեն:

«Հույս ունեմ, որ դուք մեզ այդ հարցում կաջակցեք, պարոն Փաշինյան»,- եզրափակեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում