«Հրապարակ».ԵՊՄՀ-ում աշխատավարձերի 40 տոկոսով բարձրացում արվել է այդ կրճատումների՞ հաշվին
Նմանատիպ
«Հրապարակը» անդրադարձել է օրերս Երևանի պետական մանկավարժական համալսարանի (ԵՊՄՀ) խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանի’ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին ուղղված այն հանձնարարականին, որով պետք է 40 տոկոսով բարձրացվեն բուհի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը: «Այդ արհեստական ներկայացման մեջ մասնակիցներից յուրաքանչյուրն ուներ իր դերը, վարչապետը’ որպես սոցիալական խնդիրներ լուծող հոգատար խորհրդի նախագահ, ռեկտորը’ որպես բուհն առաջնային շարքեր դուրս բերող բարեփոխիչ: Մինչ մյուս բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը կհասցներ լրջորեն նախանձել ԵՊՄՀ-ի իր գործընկերներին, Մանկավարժական համալսարանում աշխատանքից ազատել էին մի շարք դասախոսների, իսկ զգալի մասի առարկայական ծանրաբեռնվածությունը կրճատել քառորդ կամ կես դրույքով: Այդ մասին մեզ տեղեկացրեցին համալսարանի դասախոսներից մի քանիսը’ չցանկանալով, սակայն, ներկայանալ»,- շարունակել է «Հրապարակն»’ ավելացնելով, որ կրճատումների, դասախոսական անձնակազմի աշխատավարձերի հարցով ինքը կապվել է ԵՊՄՀ-ի լրատվական վարչության հետ, որտեղից թերթին պատասխանել են, որ 40 տոկոս բարձրացման դեպքում դոկտոր-պրոֆեսորի աշխատավարձը կդառնա 265 հազար դրամ, իսկ դոկտոր-պրոֆեսոր դեկանինը՝ 365 հազար, գումարւսծ 10 հազարական դրամներ’ կոչում ունեցողներին: Ինչ վերաբերում է երիտասարդ կադրերի ներգրավելու անվան տակ կրճատվող ավագ սերնդի դասախոսների խնդրին, ապա, ըստ ԵՊՄՀ-ի, ավագ սերնդից ազատվելն ինքնանպատակ չէ. «Եթե 2 տարի առաջ ԵՊՄՀ-ում դասավանդում էր 1 ԳԱՍ անդամ, հիմա 17 ակադեմիկոս է դասավանդում, և եթե ինչ-որ մարդիկ դուրս են մնացել, և նրանց հետ պայմանագիր չի կնքվել, ապա’ խիստ օբյեկտիվ պատճառներով: Կրճատումը գնում է զուգահեռ նոր կադրերի ներգրավմամբ»: Լրատվական վարչությունից երեկ նաև ասել են, որ չեն տիրապետում այն ինֆորմացիային, թե աշխատավարձերի 40 տոկոսով բարձրացում արվել է այդ կրճատումների՞ հաշվին, և կոնկրետ քանի՞ հոգի է կրճատվել, շա՞տ են արդյոք այն դոկտոր-պրոֆեսոր դեկանները, որ ստանալու են 365 հազար դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում