Չի կարելի թիրախ դարձնել պաշտպանության նախարարին. նա քաղաքական անձ չէ. Ա. Մինասյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԱԺ-ում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկմանը Արծվիկ Մինասյանը հարկ համարեց սաստել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք իրենց քննադատության թիրախն են դարձնում բանակը, Պաշտպանության ոլորտը, նախարարին՝ հիշեցնելով, որ «սոցցանցերում զինվորի բուժման փաստն օգտագործվեց բանակի և նախարարության դեմ քարոզչության»:
«Անգամ վերջերս, որ նայում ես մամուլի միջոցներին, թե ինչպես են հարձակվել Պաշտպանության նախարարության և նախարարի վրա, սա դատապարտելի երևույթ պետք է լինի, չի կարելի թիրախ դարձնել մեր նախարարին, որովհետև այս դեպքում նախարարը հանդես չի գալիս որպես ֆիզիկական անձ, քաղաքական անձ, որի նկատմամբ կարող ես հարձակումներ գործել: Նա պաշտպանության համակարգի պատասխանատուն է, գլխավոր հրամանատարն է»,- շեշտեց նա:
Վերջին մտքի մասով Մինասյանին դահլիճից ուղղեցին, թե գլխավոր հրամանատարը նա չէ, ինչը Մինասյանն ընդունեց և շտկեց միտքը. «Մեր ամբողջ բանակի, ըստ էության, հրամանատարական ղեկավարն է»:
Մինասյանը շարունակեց, թե նախարարի առօրյա կյանքն օրինակելի և ուսուցողական է զինվորների համար՝ շեշտելով, թե այստեղ անձի պաշտպանության խնդիր չկա, այլ ինստիտուտի ու երևույթի:
Ինչ վերաբերում է արտերկրում զինծառայողների բուժումը սահմանող օրինագծին, Արծվիկ Մինասյանն առաջարկեց որոշ դեպքերում զգույշ լինել ձևակերպումների մեջ, որպեսզի այն անբարեխղճության հիմք չտա: Ավելին՝ առաջարկ եղավ առանձին ֆոնդ ստեղծել՝ ապահովելով այդ գործին սձյուռքահայերի մասնակցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում