«Չորրորդ ինքնիշխանություն». Վարդան Ղուկասյանը մայրաքաղաք է եկել որդու հարցով

«Չորրորդ ինքնիշխանություն» գրում է, որ չնայած դեռեւս Գյումրվա «ծուխը» պահող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ խորհրդարանում ի լուր աշխարհի հայտարարել էր, որ ինքը հայրաքաղաքից մայրաքաղաք է եկել՝ հոկտեմբերի 7-ին Գյումրի քաղաքի օրվա հետ կապված «պրոտոկոլային» հարցերը ճշտելու, սակայն իրականում նրա այցը բոլորովին այլ նպատակ է ունեցել։ 

«Իսկ այդ նպատակի գլխավոր առանցքը, ըստ պտտվող լուրերի, եղել է Վարդանիկի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի հետագան ու նրան սպասվող ճակատագիրը, թեեւ Վարդանիկը լրագրողների առաջ փորձել էր հումորով «կռուտիտ» լինել, թե իր տղան անհայտ հասցեով գնացել է «արջ» բռնելու։

Իրականում ա՞րջ, թե՞ փիղ բռնելու է գնացել Վ. Ղուկասյանի որդին՝ դեռ ժամանակը ցույց կտա, բայց հիմա այն մասին, թե ինչ քննարկում է սկսվել քաղաքական շրջանակներում Վ. Ղուկասյանի այցից հետո։

Ասում են՝ Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանը նախ օրեր շարունակ փորձել է մայաքաղաքում հանդիպում ունենալ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ, որի թախանձագին խնդրանքները ՀՀ իշխանություների փիառ շրջանակներում չտեղավորվելու պատճառով «բանի տեղ» չեն անցել։ Երկրորդ՝ Վարդանիկը փորձել է «դուրս գալ» ՀՀ վարչապետի ու ՀՀ-ի մեկ այլ «ղեկավար մարմին», գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի ուղղությամբ, սակայն այդ փորձերն էլ նրան ոչ մի օգուտ չեն տվել, քանի որ այս խմբի գործերը հիմա ձեւականի մեջ շատ խառն են։

Մեկը մյուսին հերթ չտվող ձախողումներից հետո, նույն լուրերի համաձայն, Վարդանիկը անմիջապես կողմնորոշվել ու հանդիպում է խնդրել իր բոլոր ժամանակների «տանիք» համարվող Հովիկ Աբրահամյանից, որն էլ մարդկայնորեն չի մերժել Վարդանիկի խնդրանքը ու լսել է նրա խոր կսկիծը՝ հատկապես իր հարազատ որդու՝ Սպարտակի հետ կապված։ Ասում են՝ Ղուկասյանն ԱԺ նախագահի մոտ «երդում» է տվել, որ ինքը եւ Գյումրիի իր «թայֆան» այսուհետ հեռու կմնան քաղաքում անընդհատ հրահրվող ինտրիգներից ու տարատեսակ սկանդալներից, միայն թե ՀՀԿ վերնախավը համաձայնի «փուռը» չտալ Սպարտակին ու հնարավորինս շուտ հարազատ որդին «արջ բռնելուց» վերադառնա հայրական օջախ։ Բացի այդ, Վարդանիկը ԱԺ նախագահի մոտ անկեղծորեն խոստովանել է, որ ինքն իրոք ուզում է բիզնեսով զբաղվել եւ որ իրեն Սպարտակից հետո մի հարցի լուծում ու ապահովությունն էլ է պետք, այն է, որ Վարդանիկի նկատմամբ սնանկացման պրոցես չսկսվի, եւ Վարդանիկի լեզվով ասած՝ ՀՀ իշխանությունները իրեն «պադմոշկեք» չտան։

Ի պատասխան Վարդանիկի խնդրանքների ու խոստումների՝ քաղաքական դաշտում տեղ գտած մեկ այլ խոսակցության համաձայն Հ. Աբրահամյանը իրեն հատուկ տղայական տոնով Վարդանիկին ասել է, թե. «Վարդան, դու քեզ հանգիստ պահի, ամեն ինչ լավ կլինի, մի քիչ էմոցիաներդ զսպի ու համբերի։ Էդքան զբաղվեցիր քաղաքականությամբ, հերիք էր, հիմա էլ գնա, քո գործերի գլխին եղի»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում